Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Facebook-յան իր էջում պարբերաբար ներկայացնում է համացանցում և լրատվամիջոցներում տեղ գտած քերականական սխալները: Շարքը նա համարակալում է, և նրա այս գրառումն արդեն 36-ն է: Եվ այսպես,
«Հանուն մեր նյարդերի – 36»
…………………………………..
Մեր լեզվում Ել-ով վերջացող մի բայ կա, որի որոշ ձևեր կազմելիս Ե-ի փոխարեն Ա ենք ունենում` ասԱցի, ասԱցիր, ասԱց, ասԱ’…. Անկանոնություն է, բայց կանոնն այդ է: 🙂Ժողովրդական խոսքում տարածված են ասեցի, ասեցիր, ասեց… Հայերեն խոսողները բանավոր խոսքում այդպես վերացնում են անկանոնությունը: Գինով կուտվի: 🙂
Սակայն մի «բայց» կա, և … շատերը հոնքը շինելու տեղ աչքն են հանում: ԽՈՍԵԼ կանոնավոր բայը նմանեցնում են ԱՍԵԼ-ին և գրեթե համատարած ասում խոսացի, խոսացիր, խոսաց, խոսացող, խոսա’…
Դիպլոմավորնե’ր, պաշտոնյանե’ր, եթերից խոսողնե’ր, մեծե’ր ու երիտասարդնե’ր (աղջիկներ ու տղաներ), գոնե հանուն աճող սերնդի և հայոց լեզվի կանոնավորության (ու մեր նյարդերի 🙂 ) ասե’ք խոսԵցի, խոսԵցիր, խոսԵց, խոսող, խոսի’ր… Ել-ով վերջացող մյուս բոլոր բայերի պես: Ավելի հեշտ չէ՞:
Հայերեն սովորեցնողներն էլ մի հոգսից կազատվեն: 🙂
#Հանուն_մեր_նյարդերի