Ասատուր Եսայանցն արդեն տասը տարի է՝ լուսանկարչությամբ է զբաղվում։ Սրան հասել է տարատեսակ աշխատանքներ փորձելուց, տեղ-տեղ՝ փորձարկելուց հետո։
Տասնչորս տարեկանում հեռուստատեսությունում է աշխատել, հետո զորակոչվել բանակ ու նվագել նախագահական օրկեստրում՝ միաժամանակ աշխատելով Կամերային թատրոնում, հետագայում սովորել համալսարանում, ստացել իրավաբանական մանկավարժ-հոգեբանի կրթություն, խաղացել թատրոնում․․․ Ցուցակն ամբողջական չէ։
Գուցե հենց հոգեբանական կրթությունն է օգնում, որ Ասատուրի լուսանկարները բնական ստացվեն, առանց քողարկման ու շպարի, դրանց նայելիս կարողանում ես մարդկանց բնավորությունը տեսնել։ Ասվածի վառ ապացույցը ՝ «Շաբաթվա մարդիկ» ֆոտոշարքն է,շաբաթական յոթ մարդու լուսանկարով՝ լրատվական գործակալություններից մեկի կայքում։ Ասատուրի հետ հանդիպեցինք ուրցով ու նանայով թեյի, դառը սուրճի շուրջ, ու լուսանկարիչը պատմեց ֆոտոլրագրող դառնալու պատահական, բայց ճակատագրական քայլի, «Շաբաթվա մարդիկ» ֆոտոշարքի, Կաննի կինոփառատոնը լուսանկարելու, ու լուսանկարչության՝ հավերժ սովորելու ու սիրելու ոլորտ լինելու մասին։
Լուսանկարչական ոլորտում պատահաբար հայտնվեցի։
ԵՊՀ-ում բացվեց մշակույթի կենտրոն, տնօրեն դարձավ Կարինե Դավթյանը, որն ինձ դպրոցական թատրոնում էր դասավանդել՝ ղեկավարելով խմբակը։ Բացվեց համալսարանական թատրոնը, և դպրոցական խմբակի կորիզը հայտնվեց ԵՊՀ-ում։ Այսպիսով, ես սկսեցի նաև կես դրույքով դասավանդել համալսարանում՝ զուգահեռաբար սովորելով ու հեռուստատեսություններից մեկում թողարկիչ աշխատելով։ ԵՊՀ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մի օր ասաց՝ լուսանկարիչը դուրս է գալիս աշխատանքից, գուցե դո՞ւ փորձես լուսանկարել, կուզե՞ս։ Դրական պատասխանեցի։ Հենց այսպես էլ սկսվեց ամենը։ Հետո, իհարկե, մասնագիտական դասընթացների գնացի, սովորեցի։
Առաջին ֆոտոնկարահանումս հարյուր տոկոսով ձախողվեց։
Շատ մեծ հիասթափություն ապրեցի։ Մինչ այդ ինչով զբաղվել էի՝ հիմնականում, լավ կամ վատ, բայց միանգամից էր ստացվում։ Իսկ ֆոտոն՝ ի սկզբանե չստացվեց, մտածեցի՝ իմը չի սա։ Բայց հիմա արդեն տասը տարուց ավելի է՝ լուսանկարչությամբ եմ զբաղվում։
Ամբողջությամբ՝ champord.am