Ժան Նշանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Ռուբեն Մուրադյանի, Շողեր Թովմասյանի, Արման Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Աննա Գրիգորյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստաֆիլմը ցուցադրման առաջին օրերից բարձր վարկանիշ է ունեցել։
«Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի վարկանիշը կոտրում է կարծրատիպը, թե որակյալ հեռուստաարտադրանքը սպառող չի ունենում։
«Սա այն էքսպերիմետն էր, որին «Արմենիա TV»–ն գնաց` ներդնելով ֆինանասական մեծ միջոցներ։ Մենք ուզում էինք մեր հեռուստադիտողներին ցույց տալ նախագիծ, որն ունի թե՛ գեղարվեստական արժեք, թե՛ պատմական է, թե՛ դաստիարակչական։ Առաջին 3 սերիաների վարկանիշը գալիս է փաստելու, որ հեռուստադիտողը չի նախընտրում միայն այլ երկրների արտադրանք»,– ասաց պրն Մխիթարյանը։
Պրոդյուսերը կարևորեց, որ հեռուստադիտողների 35-40 տոկոսը դարձել է «Հին արքաների» կայուն լսարանը։ «Սա ահռելի ցուցանիշ է։ «Հին արքաները» բացարձակ հավասար վարկանիշ ունի «Ֆուլ հաուսին», «Չեմպիոնների լիգայի» եզրափակիչ խաղին և այլն։ Մենք մտածում էինք, որ ռեյթինգը բարձր կլինի, սակայն մեզ համար այս ժանրի հեռուստասերիալը պետք է ունենար մոտ 18-20 տոկոս լսարան։ Դա մենք կհամարեինք հաջողություն, որովհետև «Հին արքաները» առանձնահատկություններ ունի` լեզուն տարբերվող է, մարդիկ սովոր չեն նման բան նայելու։ Այն հավաքեց կրկնակի լսարան` ևս մի անգամ փաստելով, որ մեր հեռուստադիտողը կարողանում է գնահատել որակյալ արտադրանքը։ Կարևոր փաստ է, որ վարկանիշը հաստատուն է։ Որքան էլ դու անոնս անես նախագիծը, անոնսն աշխատում է մինչև առաջին սերիայի եթեր գնալը։ Որքան ուզում ես ասա, որ որակյալ աշխատանք ես արել, առաջին սերիայից հետո աշխատում է ոչ թե ծանուցումը, այլ հեռուստադիտողի կարծիքը։ Եթե բարձր վարկանիշը հաստատուն է, ուրեմն իրոք որակյալ աշխատանք ենք արել»,– նշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am