Բեմադրիչ-ռեժիսոր Նորա Գրիգորյանն իր երկվորյակների հետ հաճախ է լուսանկարվում՝ համոզված լինելով, որ լուսանկարները լավ հիշողություն են դառնում։ Օրեր առաջ ստուդիայում արված նոր ֆոտոշարքն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին։
Նրա ամուսինը՝ դերասան Էրվին Ամիրյանը, զբաղվածության պատճառով չի մասնակցել նկարահանմանը, սակայն լուսանկարվել է եղբայրը՝ Ալեքսանդրը։ Լուսանկարիչ Լիլիթի գաղափարով՝ 1,5 տարեկան Լիանայի և Կոնստանտինի լուսանկարներից մեկում երևում է նաև լուսանկար իրենց առաջին ֆոտոշարքից. «Երբ 40 օրականում արված նկարը նա տվեց երեխաների ձեռքը, ես հուզվեցի, որովհետև չէի նկատել, թե որքան են մեծացել։ Աղջիկս ավելի շատ է սիրում տեսախցիկներ, նա խաղում էր, ժպտում, իսկ տղայիս դուր չի գալիս. անհանգիստ ու լացկան էր։ Ասում են՝ աղջիկս ինձ նման է, չնայած՝ մանկությանս չեմ նմանեցնում, նաև ամուսնուս կողմին են նման»։
Նորա Գրիգորյանի երկվորյակները
Նորա Գրիգորյանը՝ երեխաների և եղբոր հետ
Նորան պատրաստվում է հաջորդ պրեմիերային. Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ներկայացումը բեմադրելու է վավերագրական փաստերի հիման վրա.«Պիեսն ինքս եմ հավաքում՝ փաստերով ու իրական պատմություններով։ Երկար ժամանակ է՝ ուզում էի այս թեման բարձրաձայնել, հայրս տեղյակ էր ու դրական էր արձագանքել։ Դեպքերը տեղի են ունեցել 1988-ի փետրվարի վերջին, երբ սկսեցի մանրամասներ կարդալ, հասկացա, որ ոչինչ չգիտեմ Սումգայիթի մասին։ Ծանր թեմա է, որքան հնարավոր է, փորձում ենք չծանրացնել, որ հանդիսատեսը շատ չհուզվի, բայց դաժան իրականությունն է։ Նպատակ ունեմ, որ երիտասարդները ծանոթանան պատմությանը, բայց ատելություն չեմ քարոզում, ուղղակի պիտի իմանան փրկված հայերի պատմությունը»։