Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետությունում վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ՀՀ վարչապետը նախ ընդգծեց, որ պաշտոնական գնաճը Հայաստանում 2.6 տոկոս է, Վրաստանում՝ 6.7 տոկոս, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս:
Այնուհետև վարչապետն անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը: Վարչապետն ասաց, որ բենզինը Հայաստանում թանկացել է 20 դրամով: «Այս պահին Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է այն դեպքում, երբ մենք բենզինը մեր երկիր տրանզիտով բերում ենք հենց Վրաստանից: Բացի այդ, Բենզինի օգտագործողը ունի այլընտրանք՝ սեղմած գազը: Գազը թանկացել է 20 դրամով, դարձել է 190-220 դրամ: Սեղմած գազի դեպքում վերականգնվել է այն գինը, որ եղել է 2015թ.: Լավ չէ, որ թանկացել է սեղմած գազի գինը, սակայն սա նոր պահանջ չէ, քանի որ մենք շուկայում այս գնով աշխատել ենք և այն ժամանակ էժանացրել ենք, քանի որ այդպիսի հնարավորություն է եղել»,- մանրամասնեց վարչապետը՝ նշելով, որ սեղմած գազի գինը հարևան Վրաստանում ևս թանկացել է ու ավելի թանկ է, քան Հայաստանում՝ 260-310 դրամ:
Անդրադառնալով դիզվառելիքի թանկացմանը՝ վարչապետն ընդգծեց, որ վառելիքի այս տեսակի թանկացումը որոշ առումով կարող է ռիսկային լինել գյուղատնտեսության համար: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ է արել և պարզել, որ գյուղատնտեսական ապրանքները կարող են դրա հետևանքով թանկանալ: Նա շեշտեց, որ կառավարությունը քննարկում է գյուղատնտեսության համար դիզվառելիքի ձեռքբերումը սուբսիդավորելու տարբերակներ՝ առկա ռիսկերը նվազեցնելու համար:
Եզրափակելով խոսքը՝ վարչապետն ընդգծեց, որ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացումը խնդրահարույց չէ: