«Ստամբուլում գաղտնի նկարահանումներ արեցինք». Շանթ Հովհաննիսյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ստամբուլում գաղտնի նկարահանումներ արեցինք». Շանթ Հովհաննիսյան. life.tert.am

«Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմաշարի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այն բաղկացած է 7 նովելից։ Դրանցից մեկը` «Սիմոնի ճամփան» նկարահանվել է Բորիս Հայրապետյանի «Պարզ պատմություն» պատմվածքի մոտիվներով։ Ռեժիսորն  Էդգար Բաղդասարյանն է, գլխավոր հերոսին մարմնավորում է Շանթ Հովհաննիսյանը։

«Ֆիլմի գործողությունները ծավալվում են հայ–թուրքական սահմանին, որի երկու կողմերում հայտնվել են գերդաստանի երկու ճյուղերը։ Եղածը մի փոքր ձորակ է, սակայն այն շրջանցելու համար Սիմոնը ստիպված է լինում անցնել հազարավոր կիլոմետրեր:  Tert.am Life–ը զրուցել է ֆիլմի գլխավոր դերակատար Շանթ Հովհաննիսյանի հետ։

«Առաջին ֆիլմն էր, որը շատ հավեսով ու շատ հեշտ նկարվեց` չնայած իր բարություններն ուներ,– ասաց նա ու հավելեց, որ բարդությունները հիմնականում կապված էին գաղտնի նկարահանումների հետ,– Դժվարությունը հիմնականում այն էր, որ պետք է Ստամբուլում նկարահանումներ անեինք։ Անընդհատ ստիպված էինք թաքնված տեսախցիկով նկարահանումներ անել։ Փարիզի օդանավակայանում շատ լավ կտոր նկարահանեցինք, ոգևորվել էինք, սակայն անվտանգության աշխատակցները նկատեցին և ստիպեցին ջնջել»։

Ֆիլմը հայկական երազանքի ու կորցրած հայրենիքի մասին է։ Շանթի համար «Սիմոնի ճամփի» ամենահուզիչ հատվածը սահմանին հոր և պատանի որդու զրույցն է։ «Հուզիչ էր փոքր երեխայի կարծիքը, երբ ասում է` հեշտ է այդ ամենը, մի ձորակ է, անցիր, ի՞նչն է քեզ խանգարում։ Մանկական երևակայության մեջ սահմաններ գծագրված չեն»,– նկատեց նա։

Ֆիլմաշարում ընդգրկված է ֆիլմի հակիրճ տարբերակը։ Ռեժիսորական տարբերակն ավելի ընդլայնված է` մոտ 45 րոպե։ Շանթը խոստովանում է, որ դրանից ֆիլմի ասելիքը մի քիչ տուժել է։

«Սիմոնի ճամփան» մասնակցել  է մի շարք փառատոնների` Անգլիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ–ում, արժանացել մրցանակների։ Անգլիայում կայացած  կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում Շանթն արժանացել է «Լավագույն տղամարդ դերասան» մրցանակին, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ու օպերատոր Մկրտիչ Բարոյան ևս մրցանակներ են ստացել։ Դերասանը նկատեց, որ հայաստանյան «Ոսկե ծիրանում»  մրցանակի չեն արժանացել. «Ես Էդգարին ասել էի, որ ֆիլմն ավելի շատ հաջողություն կունենա դրսում, որովհետև համամարդկային շերտեր ունի»։

life.tert.am