Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, և ավելորդ քաշի դեմ պայքարելն ավելի է դժվարանում։ Բայց նյութափոխանակության արագության վրա ազդում է ոչ միայն տարիքը, այլև անառողջ կենսակերպը, որոշակի սովորություններ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Fabiosa.com-ը գրում է, որ, եթե չեք ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել, հարկավոր է հաշվի առնել հանգամանքները, որենք ազդում են նյութափոխանակության վրա։
Ժառանգականություն։ Եթե օրգանիզմը դանդաղ է այրում ճարպերը, նշանակում է՝ դա ժառանգել եք ծնողներից։ Քանի որ դա որևէ կերպ չեք կարող փոխել, հարկավոր է կենտրոնանալ սովորությունների վրա։
Անբավարար քանակով կալորիաներ։ Իհարկե, նիհարելու համար հարկավոր է նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակը։ Բայց երբ օրգանիզմին չեն բավարարում սննդարար նյութերը, նյութափոխանակությունը դանդաղում է։ Մի սահմանափակեք ձեզ դաժան դիետաներով։ Սնվեք 3-4 ժամը մեկ անգամ։
Ջրազրկում։ Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմում կատարվող գրեթե բոլոր պրոցեսների համար։ Երբ օրգանիզմին չի բավարարում ջրի քանակը, նյութափոխանակությունը դանդաղում է։ Աշխատեք պարբերաբար օգտագործել ջրի անհրաժեշտ քանակ. ընդ որում ցանկալի է սառը ջուր խմել, քանի որ այդ դեպքում օրգանիզմը լրացուցիչ էներգիա է ծախսում՝ այն տաքացնելու համար։
Ալկոհոլի օգտագործում։ Ըստ որոշ հետազոտությունների՝ ալկոհոլը 73 տոկոսով դանդաղեցնում է նյութափոխանակությունը։
Քնի անբավարար քանակը։ Քիչ քնելու արդյունքում օրգանիզմը մեծացնում է կորտիզոլի արտադրությունը՝ սթրեսի հորմոն, որը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի անբավարար քանակը նյութափոխանակությունը նվազեցնում է միջինում 8 տոկոսով և հանգեցնում ավելորդ քաշի առաջացման։
Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն։ Մարզումների ընթացքում մեծ քանակով էներգիա է ծախսվում։ Մկանային զանգված ձեռք բերելու արդյունքում մեծանում է հանգստի ընթացքում ծախսվող կալորիաների քանակը։ Բացի այդ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է սթրեսի մակարդակը և կարգավորում հորմոնալ հավասարակշռությունը, իսկ այս գործոններն անուղղակիորեն ազդում են նյութափոխանակության արագության վրա։
Վիտամին D-ի անբավարար քանակ։ Այս վիտամինը հարկավոր է մկանների համար, այն դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա, խթանում ֆոսֆատների, կալցիումի, մագնիումի ներծծումը։
Քրոնիկ սթրես։ Սթրեսային իրավիճակներում մեծանում է կորտիզոլի մակարդակը, ինչը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
Պարբերական սթրեսի դեպքում այս հորմոնի բարձր մակարդակն արգելակում է ինսուլինի արտադրությունը, դանդաղեցնում նյութափոխանակությունը։
Ածխաջրերի անբավարար քանակ։ Ածխաջրերն էներգիայի հիմնական աղբյուրն են։ Սրանք օրգանիզմին օգնում են ինսուլին արտադրել։ Առանց ածխաջրերի՝ նյութափոխանակությունը դանդաղում է, մարդը դառնում է քնկոտ, հյուծված։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը