Գայանե Փայտյան. «2017-ը կյանքիս լավագույն տարին էր». bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գայանե Փայտյան. «2017-ը կյանքիս լավագույն տարին էր». bravo.am

Հաղորդավարուհի Գայանե Փայտյանը ընտանիքի ամրության, երջանիկ կին լինելու, ամուսնու հոգատարության, 7 ամսական երկվորյակների, իրենց տանը տեղի ունեցող ընկերական ուրախ հավաքույթների, հեղինակային բաղադրատոմսերի և այլնի մասին պատմել է BRAVO.am-ին:

Կանայք ունեն երջանիկ ընտանիք ունենալու իրենց խորհրդավոր բանալին: Ո՞րն է այդ բանալին, որով կարողանում եք երջանկանալ և երջանկացնել։

– Ընդամենը՝ սեր, նվիրվածություն և հարգանք։ Իմ ընտանիքում այս երեքը կա ու հավասարակշռված է. ես, ամուսինս ու երեխաներս ապրում ենք սիրո և ջերմության մեջ, մեզնից յուրաքանչյուրը վայելում է իր բաժին երջանկությունը։

Հաղորդավար, մայր և հոգատար կին, հասցնո՞ւմ եք։):

-Փաստորեն հասցնում եմ: Երբեմն հասցնում եմ իմ հանգստի հաշվին, բայց երջանիկ եմ, որ ոչ ընտանիքս է տուժում, ոչ՝ աշխատանքս։

Նաև լավ վարպետ եք խոհանոցում: Կա՞ն ուտեստներ, որոնց հեղինակը հենց Դուք եք։

-Այո, ես սիրում եմ խոհանոցը։ Ու պատրաստում եմ շատ համեղ ու բազմազան։ Մեր ընկերները սիրում են հաճախ լինել մեր տանը, որովհետև ամեն անգամ շատ համեղ և գունավոր սեղանի շուրջ մեր զրույցները, հումորներն ու ուրախությունը երբեմն շարունակվում են մինչև հաջորդ առավոտ։ Ու ես մեծագույն սիրով հյուրասիրում եմ իմ պատրաստած կերակուրները։ Ընդհանրապես, ամեն ինչ ինքս եմ պատրաստում, նույնիսկ՝ ամենաբարդ կերակրատեսակները։ Համ ձեռքս է բացվում, համ հաճելի է ու ապահով։

Այս տարեմուտին ի՞նչ ուտեստներով եք զարմացրել ընտանիքի անդամներին, հարազատներին և հարևաններին:

– Խոհանոցում շատ եմ ստեղծագործում և ունեմ իմ հեղինակային կերակրատեսակները: Այս Ամանորին նոր բան չկար, որովհետև Երևանում չէինք:): Առհասարակ, գեղեցիկ ու համեղ տոնական սեղանի կողմնակից եմ: Ու փորձում եմ ապահովել այդ գեղեցկությունն ու համը:

 

Գայանե Փայտյանը՝ երկվորյակների հետ

-2017 թվականի ամենամեծ ձեռքբերումը։

– 2017-ը կյանքիս լավագույն տարին էր: Տասը տարվա սպասումից հետո ծնվեցին զույգ աղջիկներս։

Նոր տարին իր հետ բերում է նոր նպատակներ, ծրագրեր, ինչո՞ւ չէ, նաև նոր երազանքներ։ Սպասե՞նք նորությունների:

-Ամեն մարդ էլ միշտ նորության սպասում է։ Ես՝ նույնպես, և իմ երազանքների գերակշիռ մասը հիմա կապ ունեն 7 ամսական աղջիկներիս հետ։

Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին։

-Առանց համարելու, ես երջանիկ եմ։):

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ մայրիկներին և կանանց, հատկապես ինչի՞ վրա պետք է շեշտը դնել ամուր ընտանիք ստեղծելու համար։

– Ընտանիքում սեր ու հարգանք պետք է լինի, խնդիրները քննարկել ու լուծում գտնելու ունակություն պետք է ունենան ամուսինները, թե չէ կռվելով ու բղավելով հեռու չեն գնա։

Գայանե Փայտյանի ամուսինը՝ երեխայի հետ

Սիրում եք նվիրե՞լ, թե՞ստանալ: Եթե նվիրել, ապա ո՞ւմ, եթե ստանալ, ապա ումի՞ց։

-Սիրում եմ և՛ նվիրել, և՛ ստանալ՝ հաճելի մարդկանց ու հաճելի մարդկանցից։ Ամենաշատը սիրում եմ ամուսնուցս նվերներ ստանալ։ Նա միշտ գիտի իմ պահի, օրվա, ժամի տրամադրությունը:

Դեպք, իրադարձություն, որը Ձեզ կհիշեցնի մանկության Ամանորը։

-Մանկությունս շատ պայծառ է եղել, ծնողներս կարողացել են ինձ տալ երջանիկ ու դաստիարակված մանկություն, այդ պատճառով էլ բոլոր Ամանորներս էլ շատ ուրախ ու հետաքրքիր են անցել։