Ինչպես նախորդ, այս Ամանորը ևս Ալեքսանդր Բաբասյանը դիմավորել է արտասահմանում: Դերասանն ընտանիքի հետ տարեվերջին կրկին մեկնել էր Շվեդիա և միայն օրեր առաջ է վերադարձել: Նա BRAVO.am-ին ասել է՝ փորձել են հնարավորինս գունեղ արձակուրդ անցկացնել, հավատում են` ինչպես սկսեն, այդպես էլ կանցնի ողջ տարին:
«2017-ին քիչ ժամանակ էինք հատկացրել Ստոկհոլմն ավելի լավ ճանաչելուն՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով ընկերներիս տանը, որը փոքր-ինչ հեռու է գտնվում քաղաքից: Որոշեցինք 2018-ը 3-ով դիմավորել՝ ես, կինս և երեխաս: 7 օր վայելեցինք, բացահայտեցինք Շվեդիայի մայրաքաղաքն ու հետո միացանք նրանց: Եղանք պատմական թանգարաններում, տեսարժան վայրերում և այլն: 18 օր անց վերադարձանք»,- ասել է Ալեքսանդրը:
Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ հետ
Սկանդինավյան երկրները գրավում են դերասանին: Համոզված է` որքան երկար մնաս այնտեղ, այնքան ավելի շատ բան կսովորես ու կբացահայտես. «3-րդ այցս էր Շվեդիա: Միայն դրական ու լավ հիշողություններով եմ վերադարձել»:
Ի դեպ, Ալեքսանդրը նշել է, որ ամեն անգամ Եվրոպայից վերադառնալուց հետո դժվարությամբ է հարմարվում երևանյան առօրյային: Դա չի վերաբերում, սակայն, աշխատանքին. մեծ եռանդով, ոգևորությամբ է վերադարձել նկարահանման հրապարակ:
Խոսելով այս տարվա անելիքներից` «Կայարան»-ի գլխավոր դերակատարը դժվարացել է հստակ որևէ բան ասել. «Սերիալի ավարտից հետ ունեմ 25 մասից բաղկացած 2 հեռուստանախագծի առաջարկ, բայց 2018-ի դիմաց ինձ մոտ մեծ հարցական նշան է դրված: Երևանում կշարունակեմ աշխատանքս, Եվրոպայում, Մոսկվայում, թե ԱՄՆ-ում, դեռ պարզ չէ»: