Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդին` Դավիթը, որը շուտով կդառնա 2 տարեկան, առաջին քայլերն է արել կինոյում։ Իրինան որդու «աշխատանքի» առաջին մանրամասները պատմել է Tert.am Life-ին և հայտնել, որ փոքրիկն իրեն լավ էր զգում նկարահանման հրապարակում։
Թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրի Դավիթը, ցույց կտա ժամանակը, սակայն այս տարիքում, ինչպես նշում է մայրիկը, հուսախաբ չի արել նկարահանող անձնակազմին։ Դավիթը նկարահանվել է հայ-իրանական ֆիլմում։
«Ֆիլմը պատերազմական ժամանակների մասին էր։ Նա մարմնավորում էր հերոսի մանկությանը։ Իրեն շատ լավ էր զգում նկարահանման հրապարակում։ Թեև խմբի անդամներն այլ լեզվով էին խոսում, միանգամից կոնկտակտ գտավ նրանց հետ։ Ճիշտ է, իրենք մի քիչ այլ կերպ էին ուզում, սակայն արդյունքը լավ էր։ Նա հուսախաբ չարեց անձնակազմին»,- ասաց դերասանուհին։
Իրինան հայտնեց, որ որդին նկարահանումներ է ունեցել Երևանում, Սևանում, Գյումրիում։ «Ավելի բարդ էր ինձ համար` որպես մայր, քանի որ նրան անընդհատ տանում էի նկարահանումների, խախտվում էր նրա օրակարգը, քնի ժամը և այլն։ Ինքը չէր հասկանում` ինչ է կատարվում, նկարահանելիս, ընդամենը, 1 տարեկան 7-8 ամսական էր։ Այդ քանակությամբ մարդիկ, տեսախցիկները, նրան բնականաբար շոկի էին ենթարկել, սակայն իրեն արժանի պահեց։ Իրեն, կարծում եմ, դուր եկավ,- ասաց Իրինան ու հավելեց, որ որդին նույնիսկ կլորիկ աշխատավարձ է ստացել։ -Իրենից գոհ էին, նույնիսկ, վարձատրեցին բավականին լավ»։ Աշխատավարձի չափ նշել դերասանուհին չցանկացավ, սակայն ասաց, որ Հայաստանի պայմաններում 1 ամսվա շատ բարձր աշխատավարձին համարժեք գումար էր։
Իրինան ևս պետք է նկարահանվեր այս ֆիլմում և մեկներ Իրան, սակայն նկարահանման աշխատանքներն առայժմ կանգ են առել։
Երեխայի ծննդից հետո դերասանուհին վերադարձել է աշխատանքային հագեցած գրաֆիկի։ Ավելի վաղ նա ասում էր, որ ավագ որդու ծննդից հետո շատ է ժամանակ տրամադրել աշխատանքին, երկրորդ երեխայի դեպքում պետք է վայելի նրա ներկայությունը, սակայն հիմա համոզվել է, որ աշխատանքն իրեն չի խանգարում։
«Աշխատանքս ինձ երբևէ չի խանգարել։ Գուցե ինչ-ինչ առումներով ժամանակս տուժել է, սակայն երբևէ չի խանգարել, որովհետև, հիմնականում, կարողանում եմ օրս ճիշտ դասավորել։ Ես սովոր եմ այսպիսի գրաֆիկի, սովոր չէի հանգիստ գրաֆիկին։ Այն ինձ անընդհատ ճնշում էր, թեև այն ժամանակ չէի հասկանում` ինչն է ինձ ճնշում։ Կարծում եմ` առաջիկայում գրաֆիկս ավելի կխտանա, քանի որ կարողանում եմ կառավարել ժամանակս։ Երբ աշխատում եմ, ավելի շատ բան եմ հասցնում։ Ես երբեք երեխայիս անուշադրության չեմ մատնում։ Օրվա ընթացքում վերադառնում եմ տուն, հետո նորից գնում աշխատանքի, մի քիչ ծանրաբեռնում եմ ինձ, սակայն երեխային չեմ զրկում իմ ներկայությունից։ Ամեն ինչ անում եմ, որ երեկոներն էլ միասին անցկացնենք»,- ասաց դերասանուհին։