Ընկերությունը, որտեղ աշխատում եք, ձեր ընտանիքը չէ
Advertisement 1000 x 90

Ընկերությունը, որտեղ աշխատում եք, ձեր ընտանիքը չէ

Զգույշ եղեք, երբ ղեկավարներն ամեն անգամ հայտարարում են, որ ընկերությունը, որտեղ աշխատում եք, մի մեծ համերաշխ ընտանիքէ: Նման հայտարարությունը բոլորովին չի նշանակում, որ ընկերությունն անվերապահորեն սիրում է ձեզ և կպաշտպանի ցանկացած անհաջողության դեպքում: Այնպես, ինչպես լինում է լավ ընտանիքներում: Ավելի շուտ, դա կարտահայտվի նրանով, որ զոհաբերությունների կգնա միայն մի կողմը՝ դուք:

Որովհետև, երբ կառուցվում է ընտանիքի կերպարը, նաև միանգամայն բնական հետևություն է արվում, որ դուք պետք է անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքին: Արդյո՞ք գիշերներն աշխատում կամ հրաժարվում եք արձակուրդ գնալուց նիայն նրա համար, որ հասնեք անձնական առաջխաղացման կամ ավելի շատ վաստակեք: Իհարկե ոչ, առաջին հերթին դուք դա անում եք հանուն ընտանիքի: Այսպիսի ակներև էմոցիոնալ կոչն անհրաժեշտ է միայն այն ժամանակ, երբ ղեկավարությունը փորձում է ստիպել ձեզ մոռանալ սեփական շահերի մասին:

Եթե ցանկանում եք, որ ձեր ընկերությունը կառուցվի քաղաքավարության և բարության հիման վրա, որպեսզի այն իսկապես պաշտպանի աշխատակիցներին, բոլորովին պետք չէ ընտանիք ձևանալ: Բոլոր այս արժեքները կարող են շատ ավելի լավ արտահայտվել սկզբունքներում, մոտեցումներում, և, որ ամենակարևորն է, գործողություններում:

Բացի այդ, մի՞թե դուք չունեք ձեր սեփական ընտանիքը կամ հարազատի պես մոտ ընկերներ: Ժամանակակից ընկերությունը որբերից կազմված փողոցային բանդա չէ, որը փորձում է ինչ-որ բանի հասնել այս խիստ ու դաժան աշխարհում: Ձեր սեփական ընտանիքը դուրս մղելու փորձն ընդամենը ևս մեկ միջոց է ընկերության պահանջներն ավելի վեր դասելու ձեր իրական ընտանիքի պահանջներից: Սա միանգամայն հիվանդագին ձեռնարկում է:

Ամենալավ ընկերությունները ընտանիք չեն ձևանում: Նրանք աջակցում են ընտանիքին: Դառնում են ընտանիքի դաշնակիցը: Ապահովում են առողջ աշխատանքային միջավայր: Հետևաբար, երբ աշխատակիցները խելամիտ ժամի փակում են իրենց նոութբուքները, նրանք մնում են հնարավոր ամենալավ ամուսինները, կանայք, ծնողները, եղբայրները, քույրեըր և երեխաները:

iverh.com