Ամուսիններ Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլևանյանն այս շրջանում հաղորդումներ են վարում, սակայն տարբեր հեռուստաալիքներով։ Սուրենը երկարատև դադարից հետո վերականգնել է 21TV-ի «Երաժշտական խաչմերուկ» ծրագիրն ու կներկայացնի վաճառքի ենթակա ավտոմեքենաները։
«Հեռուստաընկերության և Սուրենի համատեղ որոշմամբ վերսկսել են հաղորդումը։ Շուրջ 7 տարի է անցել, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի ավտոսիրողների համար։ Սուրենը նաև սերիալում նկարահանվելու առաջարկ ունի, շուտով կհամատեղի երկու աշխատանքը։ Իսկ ես սերիալներում չեմ խաղում, քանի որ առաջարկներն այլ TV-ների կողմից են եղել»,- BRAVO.am-ին պատմել է Յանան:
«Ի՞նչ եփել այսօր» ծրագրի տաղավարում
Նա Հ2-ի «Ի՞նչ եփել այսօր» ծրագրի հաղորդավարն ու պրոդյուսերն է: Ժամանակ առ ժամանակ Յանային մտատանջում է այն հարցը, թե ինչ եփել հաջորդ հաղորդմանը:). «Բաղադրատոմսերը հիմնականում հորինում ենք մեր ստեղծագործական թիմով՝ հաշվի առնելով հեռուստադիտողների կարծիքները: Ճաշատեսակները ստեղծելիս ունենք կարեւոր չափանիշներ, որովհետև ստացել ենք բազմաթիվ բողոքներ, որ բաղադրիչների թանկ լինելու պատճառով չեն կարողանում պատրաստել, այդ պատճառով ընտրում ենք մատչելի տարբերակներ։ Թվում է՝ պարզապես ժամանցային ծրագիր է, բայց ունենք հավատարիմ դիտողներ, որ գրի են առնում կամ զանգում են ճշտելու այս կամ այն բաղադրատոմսը, և պատրաստում են մեր առաջարկածը։ Եթերից հետո իմ պատրաստածը ճաշակում է անձնակազմը, իսկ ես, հագենալով բույրերից, հազվադեպ եմ ուտում։ Տանը ևս սիրում եմ պատրաստել, դա միայն եթերային գործառույթ չէ»։ Սուրենը, Յանան և նրանց դուստրը՝ Ադելը, վերջերս Եգիպտոսում էին, առաջին անգամ ձմռանը ծովափնյա արձակուրդ են անցկացրել. «Լիարժեք հանգստացել ենք ու նոր լիցքերով վերադարձել աշխատանքի։ Երեխաների համար ծովափը լավ տարբերակ է. կտրվում են մուլտֆիլմերից ու համացանցից։ Դպրոցին զուգահեռ Ադելն իր իսկ ցանկությամբ հաճախում է բալետի դասերի, բայց նկարահանվել չի սիրում, խուսափում է տեսախցիկներից։ Ամեն դեպքում ինքս էլ չեմ ցանկանա, որ մեր ոլորտն ընտրի»։