Սահմանադրական վերջին փոփոխություններով թեև ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակն էապես կրճատվել է, սակայն պետության գլխի աշխատավարձը մնացել է նույնը: Փույթ չէ, որ նա ներկայացուցչական ֆունկցիաներով պաշտոնյա է լինելու: Դա է փաստում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել օրենքում: Նախագծում սահմանված են քաղաքական պետական, վարչական պետական, հայեցողական պետական և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցները:
Նշենք, որ, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի և օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 20.00 (ինչպես որ գործող օրենքով է սահմանված), այսինքն՝ այն չի վերանայվել:
Նկատենք, որ ՀՀ վարչապետի վարձատրության գործակիցը վերանայվել է, և այն նախկին 18.00-ի փոխարեն 19.00 է: Ինչպես գիտենք, վարչապետի լիազորությունները նոր Սահմանադրությամբ ընդլայնվել են, պատասխանատվության «բեռը»՝ ծանրացել, ինչը նշանակում է, որ կառավարության ղեկավարը հավելյալ ջանք ու քրտինք պետք է թափի իր պարտականությունները կատարելիս, իսկ նրա թափած քրտինքի ամեն մի կաթիլը գնահատել և վարձատրել է պետք: Խորհրդարանական կառավարման մոդելի անցած երկրի ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը, նկատենք, չի վերանայվել՝ նախկինի պես 18.00 է: Մի խումբ պաշտոնների գծով նույնպես դրույքաչափերը չեն վերանայվել: Քանի որ նոր Սահմանադրությամբ առաջին փոխվարչապետի ինստիտուտ է ներդրվել, ապա այս պաշտոնն զբաղեցնողը փոքր-ինչ շատ աշխատավարձ կստանա մյուս փոխվարչապետներից, նրա պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16.00 է, փոխվարչապետինը՝ 15, նախարարինը՝ 12: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նախկինի պես նույն դրույքաչափով աշխատավարձ կստանա՝ 15.50 գործակցով հաշվարկված, ոստիկանության պետը՝ 12.00, ԶՈՒ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԱԾ տնօրենը՝ նույնպես 12.00 գործակցով:
Վերը նշված գործակիցներով հաշվարկ կատարելիս կստացվի, որ ՀՀ նոր նախագահը գործող նախագահի պես կստանա ամսական 1 մլն 322. 8, տարեկան՝ 15. 873,60 դրամ, ԱԺ նախագահը՝ ամսական 1 մլն 190.52, տարեկան՝ 14.286.24 դրամ աշխատավարձ: Վարչապետի վերանայված աշխատավարձը կկազմի 1 մլն 256.66՝ ամսական, տարեկան՝ 15,079,92 դրամ: ՀՀ ԱԱԽՔ-ն կստանա ամսական 1 մլն 025.17, տարեկան՝ 12.302.04 դրամ: ՀՀ առաջին փոխվարչապետը՝ ամսական 1 մլն 058. 24, տարեկան՝ 12.698.88 դրամ: Նկատենք, որ գործող նախագահի աշխատավարձը նախկինում բավական համեստ էր՝ 436 հազար դրամ, և բարձրացել է մոտ 203%-ով, վարչապետի աշխատավարձը` 218%-ով, նախկինում 335 հազար դրամ էր: Հիշյալ օրենքի նախագծով սահմանվել են նաև նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի աշխատակազմերի պաշտոնային դրույքաչափերը, որոնք նույնպես հիմնականում պահպանվել են: Նկատենք, այս երեք պաշտոնյաների աշխատակազմերում աշխատակիցները բավական սոլիդ աշխատավարձ են ստանում: Նախագահի մամուլի քարտուղարը, օրինակ, 9.00 գործակցով հաշվարկված աշխատավարձ է ստանում, օգնականը՝ նույնպես, գլխավոր խորհրդականը՝ 11.0, «սովորական» խորհրդականը`10,50 գործակցով հաշվարկված աշխատավարձ: ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի և խորհրդականի գործակիցները նույնպես, համապատասխանաբար, 11.0 և 10.50 են: Վարչապետի մամուլի խոսնակի և օգնականի գործակիցները նախագծով սահմանվել են 8.00, գլխավոր խորհրդականի գործակիցը՝ 10.00: Առաջին փոխվարչապետը, վստահ ենք, նույնպես բազում օգնականներ, խորհրդականներ է ունենալու: Նրա մամուլի քարտուղարի և օգնականի դրույքները սահմանվել են 7.50, գլխավոր խորհրդականի գործակիցը 9.50 է:
2002 թ. ՀՀ-ում ներդրվեց պետական ծառայության համակարգը, որին զուգընթաց պետական հատվածում ձևավորվեցին աշխատանքի վարձատրության համակարգեր: Հիմնական աշխատավարձի որոշման համար ներդրվեցին աշխատավարձի տարիֆային համակարգեր` պաշտոնների դասակարգմամբ և յուրաքանչյուր պաշտոնի համար պաշտոնային դրույքաչափի սահմանմամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված պարտականությունների և պատասխանատվության շրջանակը:
ՀԳ. Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հիմնավորվում է անհեթեթ պատճառաբանությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքեր: Մինչդեռ շատ երկրներում այլ կարծիք է իշխում՝ աշխատավարձի բարձրացումը նպաստում է կաշառակերության, կոռուպցիայի տարիֆների մեծացմանը, իսկ աշխատավարձի չափը պետք է որոշվի պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությամբ: 2015թ., օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի աշխատակազմի աշխատավարձերը կրճատեց 10 տոկոսով, այդ թվում՝ նախագահի և վարչապետի: Նախագահի աշխատակազմում միջին աշխատավարձը 216,411 ռուբլի էր: 2012 թ. Մալավիի նախագահ Ջոյս Բանդան 30 տոկոսով կրճատեց իր իսկ աշխատավարձը, բացի այդ՝ վաճառեց նախագահի ինքնաթիռը: Նա ասաց, որ երբեք միջոցներ չի վատնի մեկ ինքնաթիռով միայնակ թռչելու համար:
Մյուս պաշտոնյաների աշխատավարձը նախագահը թողեց նրանց խղճին. «Եթե մտածում եք ժողովրդի մասին, իջեցրեք»: Այսպիսի օրինակները բազմաթիվ են: