«Վերջին գործարքը» 24 մասանոց քրեական դրամայի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Փետրվարի 12-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկող ֆիլմում պայքար է մղվում ոստիկանների և հանցագործների խմբի միջև։ Դերասանուհի Շողեր Թովմասյանը ֆիլմում մարմնավորում է ոստիկանի, մայորի կոչում ունի։ Մովսես Երեմյանը մարմնավորում է նրա ենթակային։ Tert.am Life-ը լուսանկարել է նրանց նկարահանման հրապարակում և զրուցել Ֆիլմի մասին։
Շողեր Թովմասյան
Շողերը պատմեց, որ կերպարը բավականին հետաքրքիր է, մասնակցում է մարտերի, կրակում։ Նա նկատեց, որ հերոսուհին` Լիանան, մի քանի շերտեր ունի, ինչն էլ իրեն գրավել է։ Աշխատանքում խիստ է, միաժամանակ սրամիտ ու հումորով, հավասարակշռված է և լավ հոգեբան։ Կարողանում է ճիշտ մոտեցում ցուցաբերել տարբեր իրավիճակներում։
«Խաղացածս միակ դրական կերպարն է։ Մարդիկ ինձ միշտ նույնացրել են իմ բացասական կերպարների հետ, սակայն հատուկ չեմ կարևորել դրական դեր խաղալը։ Հիմա կասեն` վայ, Շողերն ինչ լավ աղջիկ է, ոնց գտավ այդ հանցագործներին, բայց ես չեմ ֆիքսվում դրա վրա։ Կարևոր չէ` կերպարս դրակա՞ն է, թե՞ բացասական։ Ես խաղում եմ այն, ինչ տրված է»,- ասաց դերասանուհին։
Շողերը նկատեց, որ կերպարը բավականին բարդ էր և խնդիր ուներ այն լավ կատարել։ «Ինձ համար բավականին դժվար դեր էր, որի տակից պետք է պատվով դուրս գայի։ Իր մեջ մի քանի բնավորություն ունի՝ հոգեբան է, ուժեղ կին, ապագա լավ մայր։ Իմ ուժերի ներածին չափով փորձել եմ անել ինձանից կախված ամեն բան,որ կերպարս լավ ստացվի,- ասաց նա ու հավելեց, որ հերոսուհուն շատ է սիրել, սակայն փորձում է կերպարը չբերել իրականություն,- կան դերասաններ, որոնք, խաղալով դեր, որն իրենց շատ է դուր գալիս, հետո մնում են այդ կերպարի մեջ, իրական կյանքում չեն կարողանում դուրս գալ կերպարից։ Ես նման խնդիր չունեմ»։
Դերասանուհին նշեց, որ հասցրել է սիրել ռեժիսորին` Դավիթ Զոհրաբյանին, նրա հետ բավականին աշխատանք են տարել` կերպարն ամբողջացնելու համար։ «Ամբողջ անձնակազմը շատ լավն է։ Դու կարողանում ես կենտրոնանալ քո կերպարի վրա, որևէ լարվածություն չկա, ինչպես շատ տեղերում, որտեղ ես խաղացել եմ»,- ասաց նա։
Ըստ Շողերի` ինքը, առհասարակ, լուրջ է պատրաստվում իր դերերին, կարևորում է նաև արտաքին համապատասխանությունը։ Այս ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի կամ դասական հագուկապով, կամ ոստիկանական հագուստով։ «Որքան էլ կարևոր է դերասանական խաղը, արտաքինն առաջնային է։ Կարծում եմ` նույնիսկ էպիզոդիկ դերի համար պետք է լավ պատրաստվել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ֆիզիկական պատրաստվածությանը` Շողերը նշեց, որ էներգիայով լի մարդ է, իսկ ուսանողական տարիներին պլաստիկա են անցել, այնպես որ մարտերի մասնակցությունն իր համար խնդիր չէ։
Մովսես Երեմյան
Մովսես Երեմյանը պատմեց, որ իր հերոսը համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, որը փորձաշրջան է անցնում ոստիկանությունում։ «Բավականին հետաքրքիր կերպար է, որը սիրային գիծ ունի իր վերադասի` Սերոբյանի դստեր հետ։ Նրան մարմնավորում է Էվուկը` Եվա Զոհրաբյանը»,- ասաց նա։
Մովսեսը նշեց, որ նկարահանող խումբը շատ լավն է, ֆիլմը` հետաքրքիր. «Բավականին բովանդակալից սյուժե և ասելիք ունի։ Շատ կարևոր է, որ 24 մասանոց ֆիլմ է և ունի հստակ սկիզբ և վերջ»
Դերասանը կարևորում է այն փաստը, որ հեռուստադիտողն իրեն առաջին անգամ կտեսնի այսպիսի կերպարում։ «Ես երբեք չեմ խաղացել այսպիսի կերպար։ Միշտ դրական, բարի կերպարում եմ հանդես եկել։ Խաղարկային առումով իմ մարմնավորած ամենաբարդ կերպարներից մեկն է»,- ասաց նա։
Մովսեսի կերպարը ևս մասնակցում է մարտերի և պայքարում հանցագործների դեմ։ Նա նշեց, որ նկարահանման հրապարակում պատրաստվածության խնդիր չի ունեցել. «Զենքերի հետ աշխատանքը շատ հետաքրքիր է։ Ես տիրապետում էի զենքի, քանի որ մինչև ֆիլմն ինքս ինձ համար անցել եմ հատուկ պատրաստվածություն»։