Լավ դաստիարակության 21 սկզբունք երեխայի աչքերով
Advertisement 1000 x 90

Լավ դաստիարակության 21 սկզբունք երեխայի աչքերով

Սան-Ֆրացիսկոյի հարևանությամբ գտնվող փոքրիկ քաղաքի «Merry Moppets» մասնավոր դպրոցում (նախակրթարան) սովորողների հոգեկան բարեկեցությանը լուրջ են վերաբերվում: Օրինակ, ամեն օր երեխաները կարող են իրենց հետ դպրոց բերել սիրած գրքերը, իսկ ամեն ուրբաթ՝ սիրած խաղալիքը:

Ամեն շաբաթ դպրոցն աշակերտներին առաջարկում է որևէ ուրախ միջոցառում, օրինակ, հայտարարում է «խելագար սանրվածքի Օր»: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում ցերեկը քնել, թույլ են տալիս նստել փակ վարագույրներով սենյակում և միմյանց իրենց սիրած հեքիաթները պատմել:

Ամեն երեխա դասարանում փոքրիկ տուփ ունի: Ուսուցիչը կարող է այնտեղ թողնել առաջադրանքի նյութերը, ամսվա պարապմունքների պլանը կամ ծնողներին ուղղված գրություններ: Հենց այդպիսի գրություններից մեկն է «Երջանիկ երեխա դաստիարակելու 21 կանոնը», որը գրված է երեխայի անունից և ուղղված է ծնողին:

Ինձ երես մի տուր, ես գիտեմ, որ դու պարտավոր չես կատարել իմ ամեն մի ցանկություն:

Մի վախեցիր ինձ հետ անկեղծ ու շիտակ լինել:

Թույլ մի տուր ինձ վատ սովորություններ ձեռք բերել: Դրանցից հրաժարվելն ինձ համար ավելի դժվար կլինի:

Մի ստիպիր ինձ զգալ այնպես, կարծես իմ կարծիքը նշանակություն չունի: Այդպիսի պահերին ես սկսում եմ ինձ ավելի վատ պահել: Դու պետք է իմանաս այդ մասին:

Մի ուղղիր ինձ ուրիշների ներկայությամբ: Ես ավելի լավ եմ ընկալում ասածը, երբ դու դիտողություն ես անում երես առ երես:

Մի ստիպիր ինձ զգալ այնպես, կարծես իմ սխալները սարսափելի հանցանք են:

Ինձ մշտապես մի պաշտպանիր իմ արարքների հետևանքներից: Ես պետք է սովորեմ հասկանալ, որ գոծողություններն ունեն հետևանքներ:

Ուշադրություն մի դարձրու իմ փոքրիկ չարություններին, երբեմն ես ուղղակի ուզում եմ շփվել քեզ հետ:

Շատ մի վշտացիր, երբ ասում եմ, որ քեզ չեմ սիրում: Ոչ թե չեմ սիրում, այլ ըմբոստանում եմ քո իշխանության դեմ:

Ամեն ինչ հարյուր անգամ մի կրկնիր, այլապես կձևացնեմ, թե խլացել եմ:

Չմտածված, հապճեպ խոստումներ մի տուր: Ես կվշտանամ, եթե դրանք չկատարես:

Մի մոռացիր, որ ես դեռ չեմ կարողանում հասկանալի բացատրել այն, ինչ զգում եմ:

Երբ բարկացած ես, ինձանից ճշմարտություն մի պահանջիր: Ես կարող եմ վախից պատահաբար խաբել քեզ:

Փոփոխական մի եղիր, դա ինձ շատ է փչացնում:

Իմ հարցերն առանց պատասխան մի թողնիր: Միևնույն է, ես կփնտրեմ պատասխանը, բայց այլ տեղում:

Մի ասա, որ իմ վախերը լուրջ չեն: Դրանք շատ լուրջ են, բոլորովին էլ փոքր չեն, և ես ավելի շատ եմ սկսում վախենալ, երբ դու դա չես հասկանում:

Մի ձևացրու, որ կատարյալ ես և սխալներ թույլ չես տալիս: Ես կտխրեմ, երբ հասկանամ, որ դա այդպես չէ:

Մի մտածիր, որ ինձանից ներողություն խնդրելը քո արժանապատվությունից ցածր է: Եթե իրավացի չես, ներողություն խնդրելով ինձ սովորեցնում ես նույն կերպ վարվել:

Մի մոռացիր, որ ես արագ եմ մեծանում: Դու ստիպված ես հաճախ վերահարմարվել:

Ինձ մի արգելիր էքսպերիմենտներ անել: Առանց դրա ես չեմ կարող զարգանալ:

Եվ վերջինը. հիշիր, որ ես չեմ կարող երջանիկ մարդ մեծանալ, եթե տանն ինձ շատ-շատ չեն սիրում: Բայց դու առանց այդ էլ դա գիտես:

iverh.com