ՀՀ զինված ուժերի կազմավորման հոբելյանի կապացությամբ BRAVO.am-ը զրուցել է բանակում ծառայած հայ հայտնիների հետ՝ պարզելու նրանց բանակային կյանքի ամենավառ հուշերը:
Միհրան Ծառուկյանը
Միհրան Ծառուկյան. «Հենց այս պահին կողքիս է բանակային ընկերս»
Հետաքրքիր զուգադիպությամբ մեզ հետ զրույցի ժամանակ Միհրան Ծառուկյանը բանակային ընկերոջ ընկերակցությամբ էր. «Ծառայակից տղերքից շատերի հետ եմ լավ հարաբերությունների մեջ: Ամենամտերիմները հենց բանակային ընկերներս են: Չկա մի օր, որ իրար չտեսնենք կամ հեռախոսով չխոսենք»:
Նա բանակային կյանքի հետ կապված միայն ուրախ հուշեր ունի. «Սպայի տան երաժշտական գումարտակում եմ ծառայել, ըստ այդմ, այդ երկու տարիներս ավելի շատ համերգային շրջագայության էին նման: Շրջել ենք Հայաստանի գրեթե բոլոր զորամասերում և ուրախացրել մեր զինվորներին: Երբեք չեմ մոռանա սահմանային գոտիներում ունեցած մեր համերգները. ո՛չ տեխնիկա ունեինք, ո՛չ հարմար պայմաններ, ակապելա երգում էինք ու պարում:)»:
Երգչն ասել է, որ անմոռանալի է բանակում նշած Ամանորը. «Երբեք նման Նոր տարի չեմ ունեցել ու դժվար էլ ունենամ: Ամենալավ ռեստորաններում անգամ այդպիսի քեֆեր չեն կազմակերպում»:
Ալեքսանդր Բաբասյանը
Ալեքսանդր Բաբասյան.«Կարոտով եմ հիշում ծառայությունս»
Ալեքսանդր Բաբասյանի համար բանակային տարիներն անվերջ հիշելու և խոսելու թեմա են.«Ֆանտաստիկ լավ շրջան էր: Մոտ 10 տարի է անցել, բայց ամեն անգամ կարոտով եմ հիշում այնտեղ ապրածս ամեն մի օրը: Ավագ սերժանտ եմ եղել, երաժշտական դասակի հրամանատար»:
Պարզվում է` նա հաճախ է այցելում իր զորամաս, բանակային ընկերներից ոմանց հետ էլ մինչ օրս կապի մեջ է: Առաջին անգամ զինվորական համազգեստ կրելիս Ալեքսանդրն անսովոր զգացողություններ է ունեցել, բայց ժամանակի ընթացքում ընտելացել է ու սկսել գիտակցել այն կրելու պատասխանատվությունը:
Գրիգոր Դանիելյանը` բանակային ընկերների հետ
Գրիգոր Դանիելյան.«Ամեն պահ թշնամին կարող էր կրակել»
Գրիգոր Դանիելյանի ծառայությունն անցել է Պաշտպանության նախարարության լրատվության բաժնում: Նա իր թիմակիցների հետ կարճամետրաժ ֆիլմեր է պատրաստել բանակային կյանքի մասին, որոնք ցուցադրվել են «Զինուժ» հաղորդման շրջանակում: Բանակային տարիներին Գրիգորը նախարարի թույլտվությամբ հաճախ Ռուսաստան է մեկնել՝ մասնակցելու ՈւՀԱ առաջնությանը:
«Ամենաանմոռանալին Երասխ գետի ափին անցկացրած օրերն են, երբ բանակին նվիրված հերթական ֆիլմն էինք նկարում: Շատ վտանգավոր հատվածում էինք. ամեն պահ թշնամին կարող էր կրակել, բարեբախտաբար, խնդիրներ չունեցանք»,- պատմել է Գրիգորը:
Հումորիստ-դերասանն էլ բանակային ընկերներից ոմանց հետ մինչ օրս կապի մեջ է. «Միասին անցկացրած օրերը տղերքին մտերմացնում է: Երբեմն հանդիպում ենք, վերհիշում միասին ապրած ուրախ օրերը»:
Հենրի Քոչարյանը
Հենրի Քոչարյան. «Նամակներն այնքան էի ընթերցում, որ գրեթե անգիր էի անում»
«Փոքրիկ զորավարը» և «Զգուշացեք՛, կանայք են» ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր Հենրի Քոչարյանը բանակային կյանքի հետ կապված շատ հուշեր ունի: Նա 2002-2004 թթ. ծառայել է առաջնագծում՝ Չինարիում.«Մեծ պատասխանատվություն է, երբ զգում ես, որ հայրենիքիդ սահմանի այդ հատվածի պաշտպանությունը քեզ է վստահված: Հավատացե՛ք, այդ զգացողությունը հնարավոր չէ նկարագրել»:
Նրա ծառայության տարիներին հարազատների և մտերիմների հետ հաղորդակցության հիմնական միջոցը նամակագրությունն է եղել. «Ստացածս յուրաքանչյուր նամակն այնքան էի ընթերցում, որ գրեթե անգիր էի անում: Յուրահատուկ էին նաև ծննդյան տարեդարձերը սահմանի վրա:
Ծառայակից ընկերներիս հետ փայտե վառարանի մեջ տորթ էինք պատրաստում, «բլինդաժում», բնական է, երաժշտություն չկար. տղերքը սեղանի վրա դհոլ էին խփում, ով լավ ձայն ուներ, երգում էր, մենք էլ՝ պարում»:
Մոսո Կարապետյանը
Մովսես Կարապետյանի փախուստը զորամասից 🙂
«Ֆուլ Հաուս» սիթքոմում Հրաչին մարմնավորող Մոսո Կարապետյանի բանակային տարիները նույնպես աշխատանքային մթնոլորտում են անցել` Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում. «Բավական հիշարժան ու ուրախ երկու տարիներ եմ ունեցել: Տպավորվել է, թե ինչպես առաջին անգամ առանց թույլտվության դուրս եկա զորամասից. մարտի 8-ն էր, փախա ու տուն եկա՝ մայրիկիս շնորհավորելու:)»: