Հայաստանի բնակիչները հունվարի 31-ի գիշերը կարող են ականատես լինել «արյունոտ գերլուսնի». այդ օրը լուսինը սովորականից ավելի մոտ կգտնվի երկրին և միևնույն ժամանակ տեղի կունենա լուսնի խավարում: Այս մասին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
«Սա ընդհանրապես հազվադեպ հանդիպող երևույթ է, որովհետև այնքան էլ հաճախ չի լինում, երբ լուսինը երկրին սովորականից ավելի մոտ է լինում և միևնույն ժամանակ լուսնի խավարում է տեղի ունենում: Իհարկե, «արյունոտ գերլուսինը» Հայաստանից մասնակի կերևա, որովհետև մենք լուսնի լրիվ խավարում չենք տեսնի, հետևաբար տպավորությունը կարող է այնքան մեծ չլինել, որքան կարող էր լինել լուսնի լրիվ խավարման պարագայում: Լիարժեք «արյունոտ գերլուսինը կերևա Հյուսիսային Եվրոպայի, Հյուսիսային Ասիայի երկրներից և Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից»,- մանրամասնեց Միքայելյանը:
Նա նաև մանրամասն բացատրեց, թե ինչպես է ձևավորում «արյունոտ գերլուսինը»: «Երբ լուսինը, էլիպսաձև ուղեծրով պտտվելով երկրի շուրջ, ժամանակ առ ժամանակ ավելի է մոտենում երկրին և այդ երևույթը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ, դա կոչվում է գերլուսին, քանի որ այդ ժամանակ լուսինը կարող է ավելի պայծառ և խոշոր լինել: Նման դեպքերում լուսնի չափերը փոխվում են: Երբ լիալուսնի ժամանակ է դա լինում, լուսինը շուրջ 15 տոկոսով մեծանում է: Լուսնի խավարման ժամանակ, իսկ հունվարի 31-ին նաև խավարում է տեղի ունենալու, երկիրը իր ստվերով ծածկում է լուսինը, և այն լույս չի տալիս, բայց նույն ժամանակ երկրի մթնոլորտից անցած արևի լույսը բեկվելով թեթևակի կարմրավուն, վարդագույն երանգ է տալիս լուսնին, և դա վաղուց կոչում են «արյունոտ լուսին», ինչը պայմանական անուն է»,- ասաց Միքայելյանը:
Մանրամասնելով խոսքը՝ Արեգ Միքայելյանն ընդգծեց, որ «արյունոտ գերլուսին» լինում է այն պարագայում, երբ վերը նշված երկու երևույթները համատեղվում են, այսինքն՝ լուսինն ավելի մոտ է երկրին և այդ ժամանակ տեղի է ունենում լուսնի խավարում: