Սխալ սննդակարգը մարդու արտաքինի վրա ավելի վաղ է անդրադառնում, քան առողջության, պնդում է բրիտանացի մաշկաբան Դենիել Գլասը: Նա մի քանի խորհուրդ է ներկայացրել սխալ սննդակարգի հետևանքով արտաքինը չփչացնելու մասին:
Նիհարելու համար նախատեսված դիետաներ
Դենիել Գլասի խոսքով՝ մարդկանց մեծ մասի հիմնական սխալն ավելորդ քաշից ազատվելու համար խիստ դիետայի հետևելն է: Առողջության համար նման դիետաները կարող են վտանգավոր լինել, արտաքինի համար՝ նույնպես: Բացի այդ, եթե քաղցած մնալու պատճառով մարդու մոտ սթրես և սննդարար նյութերի պակաս է առաջանում, մազաթափություն է սկսվում:
«Կալորիաներ չստանալու դեպքում մազերի մեծ մասն աճի ցիկլ է սկսում, ինչից հետո դրանք թափվում են՝ նորերին աճելու հնարավորություն տալու համար: Բայց նոր մազեր չեն աճում, քանի որ սնվելու բան չունեն: Այդ կերպ օրգանիզմը հարմարվում է խիստ դիետիկ սահմանափակումներին»,- պարզաբանել է մասնագետը:
Մսից և ածխաջրերից հրաժարում
Գլասը մեկ այլ խնդիր է համարում կարմիր մսից և ածխաջրերից հրաժարումը: Բժիշկը պնդում է, որ դա վնաս է հասցնում մաշկին: Կարմիր միսն ու ածխաջրերով հարուստ շատ մթերքներ երկաթի աղբյուր են, որի պակասը նպաստում է մազաթափությանն ու մաշկն ավելի գրգռված դարձնում:
Վիտամինների պակաս
Շուրթերին ճաքերն ու բերանի շուրջ ցանը հաճախ կապված են ոչ բավարար քանակությամբ սննդարար նյութերի, առաջին հերթին՝ A, K, B վիտամինների օգտագործման հետ: Բժշկի խոսքով՝ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր բավարար քանակությամբ սպիտակուց, բարդ ածխաջրեր, ճարպեր, միրգ ու բանջարեղեն օգտագործել: