Այսօր՝ փետրվարի 2-ին, Լոռու մարզի Սանահին գյուղի վանական համալիրի մոտ գտնվող գերեզմանատանը տեղի ունեցավ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Մարիա Սահակյանի հուղարկավորությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Սահակյանի հուղարկավորությանը ներկա գտնվելու համար Երևանից ժամանել էին հասարակական ու մշակութային գործիչներ, Մարիայի հարազատները և ընկերները, նաև մտերիմներ՝ Մոսկվայից։ Ներկա էր նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը։
Ռեժիսորի վերջին ցանկությունն էր, որպեսզի իր աճյունը հողին հանձնեն Սանահինի վանական համալիրի տարածքում գտնվող գերեզմանատանը։ Հիշեցնենք, որ 37-ամյա հայուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը: Նա կյանքից հեռացել է հունվարի 28-ին։
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան:
1996 թվականին Սահակյանն ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ: 2003 թվականին ավարտում է ուսումը՝ «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան»փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ:
Մարիս Սահակյանի առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը»-ն էր, որը ներկայացվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց Լոնդոնի միջազգային փառատոնին:
Ռեժիսորի «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակի: