Մոտ 1 տարի առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը կոտրել է ոտքը և նրան վիրահատել են։ Tert.am Life-ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Դիանան երկրորդ անգամ է վիրահատության ենթարկվել։
«Արդեն լավ եմ։ Այս վիրահատությունը պարտադիր էր, առաջին վիրահատության ժամանակ տեղադրված երկաթները պիտի հանվեին։ Երեկ լրացավ վիրահատության 2 շաբաթը, կարերը հեռացրին։ Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անդամներն իմ փրկիչներն են։ Շատ ուշադիր են ու հոգատար»,- ասաց Դիանան ու հավելեց, որ առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլի։
«Դեռևս վտանգ կա։ Քանի դեռ ոսկորս ամրացված էր երկաթներով, վտանգն այդքան մեծ չէր, իսկ հիմա ոսկորս հենարան չունի, ադապտացիոն փուլ է։ Ասում են` մոտ 2 ամիս պետք է ձեռնափայտով լինեմ։ Ես մի փոքր չարաճճիություն եմ անում, կարողանում եմ առանց ձեռնափայտի քայլել, սակայն երեկ բժիշկները վախեցրին ինձ ու ասացին, որ գոնե մեկ ամիս պետք է ձեռնափայտ օգտագործեմ»,- պատմեց նա։
Դիանան նշեց, որ այս անգամ ևս իր դերասանական անձնակազմի ներկա ու նախկին անդամներն անընդհատ կողքին էին. «Այս անգամ ևս աչքերս բացեցի, հիվանդասենյակում տեսա նույն մարդկանց` Ժաննա Բուտուլյանին, Անուշկա Մարգարյանին»։
Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք նոր սերիալի` «Նռան հատիկի» անձնակազմի հետ հասցրել է նույնքան մտերմանալ, որքան նախորդ սերիալի անձնակազմի հետ։ «Ավելի շատ իմ հին անձնակազմի անդամներն էին ներկա, այն մարդիկ, որոնց հետ աշխատել եմ` Ագնեսան, Ջուլիետան, Արան։ Այս սերիալի երիտասարդ դերասանների հետ դեռևս այդ տեսակ մտերմություն չկա։ Երեխաները նույնիսկ չգիտեին, որ պետք է վիրահատեն ինձ։ Սակայն նրանք էլ շատ հոգատար են։ Հայկ Չոմոյանը, Ռոզա Ֆիլբերգը, Արսեն Լևոնյանը նեղացել էին անձնակազմից, որ իրենց չեն ասել։ Երբ իմացան, եկան մեր տուն, պարբերաբար կողքիս են։ Թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական անձնակազմս պարբերաբար մեր տանն են։ Նկարահանումներից հետո մեկ էլ տեսնում եմ` խենթերս եկան մեր տուն։ Թույլ չեն տալիս, որ տնային ռեժիմից ձանձրանամ»,– ասաց նա։
Պրոդյուսերը նշեց, որ այս ընթացքում չի դադարել աշխատել։ Աշխատանքային ժողովները տեղափոխվել են իրենց տուն, ինտենսիվ մասնակցում է նկարահանման աշխատանքներին։ Երկուշաբթի օրվանից Դիանան կվերադառնա աշխատանքային նախկին գրաֆիկին. «Շուտով նոր երգ ենք ներկայացնելու, երգի բառերն եմ գրում։ Բացի այդ, կրկին ներկայանալու եմ հաղորդմամբ»։
Դիանան ի սկզբանե հեռուստատեսություն եկավ` իբրև հաղորդավարուհի։ Թեև տևական ժամանակ է` նա ղեկավարում է սերիալային նախագծեր, պարբերաբար, վերադառնում է հաղորդավարական աշխատանքին։
«Միշտ ինքս եմ արել իմ նախագծերը։ Երբևէ չեմ վարել հաղորդում, որտեղ հանդես եմ եկել զուտ որպես հաղորդավարուհի։ Միշտ հեղինակել եմ նախագծեր, եղել եմ և՛ հաղորդավարը, և՛ պրոդյուսերը, և՛ սցենարիստը, և՛ կազմակերպիչը։ Երբ սկսեցինք սերիալներ անել, նույն կերպ էր` ղեկավարում եմ նախագծերը, հետո ստանձնում մնացյալ հաստիքները։) Այժմ էլ հեռուստադիտողին մեծ անակնկալ է սպասվում։ Հայի սրտին հարիր հետաքրքիր հաղորդում ենք անելու»,- ասաց Դիանան։
Նա վստահ է, որ զուգահեռ 2 նախագիծ իրականացնելը խնդրահարույց չի լինի։ «Եթե լիներ երկրորդ սերիալ, միանշանակ, կտուժեր, որովհետև սերիալը բարդագույն աշխատանք է։ Շաբաթը 5 օր 38-40 րոպե տևողությամբ ֆիլմ եթեր տալը բարդ է։ Յուրաքանչյուր օր սցենարիստիս` Թամարայիս հետ 30 էջ գրում ենք, մտածում այնպես անել, որ հետաքրքիր լինի, հեռուստադիտողը գամվի էկրանին, վարկանշային աղյուսակում առաջինը լինի։ Իմ գործընկերներն էլ` մյուս սերիալների ղեկավարները, շատ հետաքրքիր ու լավ աշխատանք են անում։ Առողջ մրցակցություն կա, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց Դիանան ու վստահություն հայտնեց, որ հաղորդման և սերիալի աշխատանքները միմյանց չեն խանգարի։