Վերջին շաբաթներին ինտերնետում կտրուկ աճել է այսպես կոչված՝ պոռնոֆեյքերի՝ թվային եղանակով դերասանուհիների ու դերասանների դեմքերը փոխած պոռնոֆիլմերի տարածումը:
Համակարգչային մանիպուլյացիաների գործիքները վերջին ժամանակներս դարձել են այնքան հզոր ու հարմար օգտագործման համար, որ թույլ են տալիս ինտերնետում թվային կերպարների տեսքով մարմնավորել ցանկացած սեքսուալ ֆանտազիաներ:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, դրանց կիրառումը երբեմն ոչ միայն դուրս է գալիս մարդկային պարկեշտության սահմաններից, այլև ստիպում է մեզ կասկածել՝ կարելի՞ է, արդյոք, հավատալ նրան, ինչ տեսնում ենք էկրանին:
Այդ տեխնոլոգիան կարող է կասկածելի զվարճության սահմաններից հեռու դուրս գալ և ունակ է հանգեցնել լուրջ հետևանքների՝ և առանձին մարդկանց, և ամբողջությամբ հասարակության համար:
Այժմ շատ է խոսվում ֆեյք-նորությունների լայն տարածման հետ կապված ճգնաժամի մասին, սակայն չի բացառվում, որ ներկայիս ֆեյքերը՝ միայն սկիզբն են:
Արդեն իսկ մի քանի ֆեյքային տեսագրություն է արվել նախագահ Թրամփի դեմքով: Առայժմ դրանք ակնհայտ կատակներ են, սակայն դժվար չէ պատկերացնել որքան արդյունավետ կարող են լինել նման գործերը քարոզչական նպատակներով:
Նման տեխնոլոգիաներ փորձարկող հանրույթներում դիտվում է նկատելի աշխուժացում, քանի որ Ցանցում հայտնի մարդկանցով նորանոր սեքս-տեսագրություններ են հայտնվում:
Ըստ փորձագետներից մեկի, մեկ նման ծրագրային ապահովում, որը թողարկվել է մեկ ամսից պակաս ժամանակ առաջ, բեռնվել է արդեն 100 000-ից ավելի անգամ:
Ընդհանրապես էրոտիկ լուսանկարներով ու ֆիլմերով նման մանիպուլյացիաները նոր զբաղմունք չէ, այն 100-ից ավելի տարեկան է:
Սակայն նախկինում այդ գործընթացը բավականին աշխատատար էր, հատկապես տեսագրության պարագայում: Այժմ խնդիրը պարզեցված է մինչև երեք ոչ դժվար քայլերի՝ հավաքել մարդու լուսանկարը, ընտրել որևէ պոռնոֆիլմ, այդ ամենը բեռնել համակարգչի մեջ և պարզապես սպասել: Ձեր համակարգիչը կանի մնացածը, թեև կարճ կլիպի ստեղծման համար կպահանջվի 40-ից ավելի ժամ:
Պոռնոֆեյքերի ֆանատների հանրույթներում ավելի տարածված են դերասանուհիներ Էմմա Ուոթսոնի ու Նատալի Պորտմանի հետ տեսագրությունները: Պոռնոֆեյքեր են հայտնվել Միշել Օբամայաի և Իվանկա Թրամփի հետ, կա ֆեյքային տեսագրություն նաև Քեյթ Միդդլթոնի հետ: Քենսիգթոնյան պալատի մամուլի ծառայությունը հրաժարվել է այդ կապակցությամբ մեկնաբանություններ տալ:
Վերջին մի քանի տարիներին մի շարք կայքեր պայքար են մղում այսպես կոչված պոռնովրեժի՝ առանց մարդկանց համաձայնության նրանց իսկական ինտիմ լուսանկարների ու տեսագրությունների հրապարակման դեմ: Պոռնոֆեյքերը կարող են դառնալ նման վրեժի ևս մեկ գործիք. նման տեսագրությունները կարող են լինել ֆեյքային, սակայն նրանց առաջացրած հոգեբանական տրավմաները դառնալու են ամենաիսկականը:
Պոռնոինդուստրիայի նոր տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաև կյանքի այլ ոլորտներում: Լրագրող Ջոն Կրիստիանը իր հոդվածներից մեկում կանխատեսել է վատթարագույն սցենարը, որում այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել իշխանություններին, բնակչությանը խաբելու և անգամ միջազգային կոնֆլիկտներ բորբոքելու համար: