Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այս օրերին զբաղված է փետրվարի 13-ին Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք «Տրամվայ. Ցանկություն» ներկայացման պրեմիերայի աշխատանքներով, սակայն օրերս իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ` մեկնաբանությունների բաժնում ակնարկելով, թե համատեղ նոր նախագիծ է սպասվում:
Life.panoram.am-ը փորձեց ռեժիսորից ճշտել, թե ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:
«Ամեն ինչ դեռ նախնական փուլում է, փակագծեր չեմ կարող բացել, միայն կասեմ, որ խոսքը նոր ներկայացման մասին է, որը պլանավորում ենք իրականացնել աշնանը` հավանաբար նոյեմբերին: Պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր աշխատանք է սպասվում, այն բաղկացած կլինի երկու հերոսներից: Այժմ մտածում ենք Լուիզայի խաղընկերոջ մասին»- նշեց Սուրենը եւ կատակելով հավելեց.
«Բեմում հաստատ Հրանտ Թոխատյանը չի լինի: Մտածում ենք Գրիշա Աղախանյանի մասին, բայց դրանք դեռեւս միայն քննարկումներ են: Ամեն ինչ ժամանակի ընթացքում պարզ կդառնա»:
Սուրեն Շահվերդյանը նկատեց, որ Լուիզա Ներսիսյանի հետ առաջին անգամն է աշխատելու, եւ վստահեցրեց, որ դա վերջինը չի լինի:
«Լուիզայի հետ վաղուց էինք ուզում համագործակցել, ուրախ եմ, որ հասունացավ այդ պահը եւ վստահ եմ, որ դեռ երկար ճանապարհ ենք միասին անցնելու»,- նշեց նա` շարունակելով.
««Տրամվայ. Ցանկություն» ներկայացումը հանձնելուց հետո մեկ ամսով մեկնելու եմ Ռումինիա` «Կարմեն» բեմադրելու, իսկ վերադառնալուց հետո կսկսեմ աշխատել նոր ներկայացման վրա»,- նկատեց նա եւ հատուկ մեր կայքի համար փոքրիկ բացահայտում արեց.
«Լուիզա Ներսիսյանի հետ ներկայացումը որեւէ թատերական շենքում չի լինելու: Այն անսպասելի մի վայրում ենք իրականցնելու: Խոսքը ռեստորանի կամ սրճարանի մասին չէ, բայց մեր քաղաքում այնպիսի մի վայր է, որտեղ երբեւիցե նման միջոցառում չի իրականացվել»: