«Արմնյուզի» եթերում այս շաբաթ մեկնարկել է «Մի հիանալի ծրագիրը», որի շրջանակում 6 տարբեր հաղորդավար ներկայացնում ու քննարկում են շաբաթվա իրադարձությունները։
Սուրեն Առուստամյանը, Մադոննա Հարությունյանը, Ներսես Ավետիսյանը, Աշխեն Բաբայանը, Թելման Խաչատրյանն ու Արփի Մայիլյանը նպատակ ունեն շաբաթ առաոտյան դրական լիցքեր հաղորդել լսարանին ու նպաստել հանգստյան օրերը լավ տրամադրությամբ սկսելուն։
Երիտասարդ հաղորդավարներից յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի այս կամ այն հարցին, ինչը թեման տարբեր տեսանյուններից քննարկելու հնարավորություն է տալիս։
Tert.am Life–ը սկսում է նոր շարք` «Հարցախույզ», որի շրջանակում տարբեր նախագծերի մասնակիցները կպատասխանեն միևնույն հարցերին ու կպարզենք, թե թիմի անդամներն ինչպես են վերաբերում միմյանց։
«Մի հիանալի ծրագրի» 6 հաղորդավարները պատասխանել են միևնույն 3 հարցին։ Թեև վեցնյակում ներգրավված են միմյանցից շատ տարբեր մարդիկ, նրանց բոլորին միավորում է մի պատասխան. բոլորը հստակ գիտեն, թե ով է իրենցից ամենաաղմկոտ հաղորդավարը:
Սուրեն Առուստամյան
Պետք է դիտել «Մի հիանալի ծրագիրը», քանի որ աշխատում է մի հիանալի թիմ` պատրաստված ու տրամադրված։
Ամենաաղմկոտ հաղորդավարը… երևի ես եմ ու Ներսեսը։
Ամենաքչախոս հաղորդավարը… ամենաքչախոսը մեր օպերատորներն են, որովհետև քչախոս այս հաղորդման մեջ չկա։
Մադոննա Հարությունյան
Պետք է դիտել «Մի հիանալի ծրագիրը», քանի որ այնտեղ ամեն ինչ հիանալի է։ Հիանալի անձնակազմ, տրամադրություն և քննարկումներ։
Ամենաաղմկոտ հաղորդավարը… Տաղանդաշատ Ներսեսն է, ով չի կարող պարզապես լուռ նստել, փոխարենը կարող է երգել, պարել, պատմություններ պատմել, անդադար ծիծաղեցնել։
Ամենաքչախոս հաղորդավարը… բացակայում է «Մի հիանալի ծրագրից»։
Ներսես Ավետիսյան
Պետք է դիտել «Մի հիանալի ծրագիրը», քանի որ 6 բավականին տարբեր մարդիկ քննարկում են շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձությունները. 6 սուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիք մեկ հարցի շուրջ։ Միաժամանակ, այն շատ թեթև ու առավոտյան պոզիտիվ ներարկող լավագույն տարբերակներից է։ Երկար–բարակ չխոսեմ, ուղղակի ամեն շաբաթ` առավոտյան 10։30, միացրեք «Արմնյուզ», միացեք «Մի հիանալի ծրագրին» ու ինքներդ կհասկանաք։
Ամենաաղմկոտ հաղորդավարը… երևի թե, ես եմ։ Նկարահանումների ժամանակ ամենաշատը ես եմ նկատողություն ստանում ձայնային ռեժիսորից։
Ամենաքչախոս հաղորդավարը… կարծում եմ` Մադոննան է, չնայած սա շատ հարաբերական է։ Երբեմն, ես 10 րոպե խոսում եմ հետո Մադոննան 5 վայրկյանում ինձ շախ ու մատ է անում։ Շատ սուր հումոր ունի։)
Աշխեն Բաբայան
Պետք է դիտել «Մի հիանալի ծրագիրը», քանի որ այն տարբերվող է, նոր, թեթև, հետաքրքիր և պայծառ։ Տաղավարում միշտ բարձր տրամադրություն է։
Ամենաաղմկոտ հաղորդավարը… Միանշանակ, մեր Ներսոն։ Նա շատ ակտիվ է, անգամ տեղում երկար նստել չի կարող, եթերում կարող է երգել, պարել։ Մի խոսքով` միշտ ապահովում է մեր բարձր տրամադրությունը։
Ամենաքչախոս հաղորդավարը… կարծում եմ, քչախոս, որպես այդպիսին, չկա։ Մեր Մադոննան կյանքում շատ հանդարտ և հավասարակշռված է։ Եթերում էլ կարող է մի քանի րոպե լռել, մեկ էլ այնպիսի կատակ անել, որ ամենաշատն ենք ծիծաղում։
Թելման Խաչատրյան
Պետք է դիտել «Մի հիանալի ծրագիրը», քանի որ այն իր ձևաչափով տարբերվող է, և ես ավելի քան վստահ եմ, որ հեռուստադիտողին այսօր տարբերվող «Մի հիանալի ծրագիր» է պետք։
Ամենաաղմկոտ հաղորդավարը… իրականում բոլորս էլ աղմկոտ ենք, բայց եթե համեմատական անցկացնենք, ամենաաղմկոտը Ներսես Ավետիսյանն է։
Ամենաքչախոս հաղորդավարը… ամենաքչախոսներս՝ ես և Մադոննա Հարությունյանը։
Արփի Մայիլյան
Պետք է դիտել «Մի հիանալի ծրագիրը», քանի որ անվանումն արդեն իսկ հուշում է, որ այն մի հիանալի հաղորդում է։ Իրականում մեծ և պրոֆեսիոնալ մի թիմ է աշխատում այս հաղորդման համար, և յուրաքանչյուրն իր հերթին ջանում է գոհացնել, հետաքրքրել և տարբերվող դարձնել հեռուստադիտողի շաբաթ առավոտները։
Ամենաաղմկոտ հաղորդավարը… մեզանից ցանկացած մեկը կարող է լինել, որովհետև բոլորս էլ աշխատում ենք բարձր տրամադրությամբ, եռանդով և մեծ հետաքրքրվածությամբ։ Բայց «աղմուկը» հիմնականում ապահովում է Ներսես Ավետիսյանը, չէ՞ որ ամենակատակասերն ու անկեղծն է։
Ամենաքչախոս հաղորդավարը… կարծում եմ` մեզանից ոչ ոք քչախոս չէ։ Եթե որևէ պահի որևէ մեկս լռում է, դա պարզապես փաստում է, որ հարգում ենք միմյանց խոսքը և չենք ընդհատում։ Նախքան տաղավար մտնելը մենք պատրաստվում ենք մի ամբողջ շաբաթ, յուրաքանչյուրս տիրապետում է նաև դիմացինի պատրաստած նյութի ինֆորմացիային, հետևաբար, երբեմն, լռելը նաև ճիշտ է գործընկերոջդ աշխատանքն ընդգծելու առումով։