Արևմտյան Լոնդոնի համալսարանը հիմնադրվել է 1860 թվականին և սկզբնական շրջանում անվանվել Lady Byron School։ Մի շարք անվանափոխություններից և տարբեր ուսումնական հաստատությունների միավորումից հետո 2011թ. ապրիլին համալսարանը պաշտոնապես վերանվանվեց Արևմտյան Լոնդոնի համալսարան (University of West London): Հենց այս համալսարանում է մագիստրատուրան շարունակել «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքի այս տարվա առաջին հերոսուհին՝ երգչուհի Մարիամ Պետրոսյանը: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գերազանցության դիպլոմով ավարտած երգչուհին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից դուրս կրթություն ստանալու միտքն իրեն միշտ հետաքրքրել է, բայց միշտ չէ, որ վստահ է եղել իր ակադեմիական պատրաստվածության վրա, այդ իսկ պատճառով նրա այդ ցանկությունն իրականացնելն անընդհատ հետաձգվել է. «Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ գրեթե միշտ թերագնահատել եմ իմ ուժերը: Նաև ֆինանսական բաղադրիչը կար. արտասահմանում կրթվելը, նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բավականին թանկ հաճույք է: Այդ առումով՝ լավ պատրաստվել է պետք: Արևմտյան Լոնդոնի համալսարանը միջազգային ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի հետաքրքիր ձևաչափ ունի, որով նրանք ընտրում են իրենց համալսարանը Միացյալ Թագավորությունից դուրս ներկայացնելու համար, այսպես կոչված՝ դեսպանների, ովքեր իրենց հերթին՝ ներգրավվում են համալսարանի կողմից կազմակերպված միջազգային բնույթ ունեցող սեմինարների կամ հանդիպումների՝ ուրիշ երկրներից եկած կրթական նոր ինստիտուտներով հետաքրքրվող մասնագետների համար, և այլն: Դեսպան ընտրվելն ինձ շատ օգնեց ֆինանսապես, բայց այն ամբողջովին չէր ծածկում իմ ուսման վարձը: Ես անչափ շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր ինձ այդ հարցում շատ աջակցեցին, և, ընդհանրապես, նրանք ամեն հարցում են իմ կողքին, ինչի համար հավերժ երախտապարտ եմ»:
Մարիամ Պետրոսյանը ստեղծագործում է 17 տարեկանից: 18 տարեկանում ձայնագրել է իր առաջին երգը՝ ֆրանսերենով. «Այդ ժամանակ ակտիվորեն ֆրանսերեն էի ուսումնասիրում, և այնպես ստացվեց, որ առաջին ձայնագրվածս երգը ֆրանսերեն էր: Այդ երգը կատարել եմ ֆրանկոֆոնիայի փառատոնի ընթացքում՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում կազմակերպված ֆրանսալեզու երգերի մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ երգերիս հիմնական մասն անգլալեզու է: Իմ անգլալեզու երգերից մեկը 2014 թվականին Նյու Յորքում կայացած «I Love New-York» մրցույթ-փառատոնում 16-25 տարեկանների կատեգորիայում զբաղեցրեց առաջին տեղը: Ոճը, որի մեջ ստեղծագործում եմ, միօրինակ չէ, շատ տարբեր երգեր ունեմ, բայց գրեթե բոլորի մեջ նկատվում է մելանխոլիկ գիծը՝ միախառնված որոշակի դասական, և երբեմն՝ ֆոլկային տարրերով: Այդպես եմ ասում, որովհետև գրեթե բոլոր երաժիշտները, ովքեր լսում են երգերս, միշտ նույն հարցն են տալիս՝ դուք դասական կրթություն ունե՞ք: Կամ ենթադրում են, թե իռլանդական ազգային երաժշտություն շատ եմ սիրում: Իմ ոգեշնչման աղբյուրը մեկ մարդ կամ երևույթ չէ. ինչպես և շատ այլ ստեղծագործող մարդկանց, ինձ էլ գրեթե ամեն ինչ կարող է ոգեշնչել, անգամ սովորական մի արտահայտություն կամ իրադարձություն»:
Արևմտյան Լոնդոնի համալսարանի շրջանավարտը պատմում է, որ այնտեղ հիմնական ժամանակը ծախսում էր գրադարանում, կամ այս կամ այն նախագծի վրա էր աշխատում: «Երեկույթներ էլ էին լինում, բայց շատ քիչ: Ինչ վերաբերում է Լոնդոնին, ես շատ եմ սիրում այդ քաղաքը, շատ ուրախ եմ, որ բախտն ինձ հնարավորություն ընձեռեց այնտեղ ապրել 1,5 տարի: Երևանն իմ հարազատ քաղաքն էլ, իսկ Լոնդոնը՝ իմ սերը: Լոնդոնում ազատ ժամանակ ունենալու դեպքում շատ էի սիրում այցելել երաժշտական «West End» թատրոններ: Ես մյուզիքլների մեծ սիրահար եմ: Փորձում էի մասնակցել «Open Mic» կոչվող երեկույթներին, որոնք կազմակերպվում էին հիմնականում անգլիական ավանդական փաբերում և հնարավորություն էին տալիս նոր արտիստներին՝ բեմի վրա կատարել իրենց իսկ գրած երգերը: Այդ երեկույթների ընթացքում նկատեցի, որ անգլիացիներին շատ են դուր գալիս իմ երգերը, միշտ մոտենում էին ելույթից հետո և հարցնում՝ որտե՞ղ կարող են ունկնդրել իմ երգերը, կամ պարզապես գովեստի խոսքեր էին ասում: Շատ հաճելի էր, դա այն ժամանակն էր, երբ հասկացա, որ ցանկությանս դեպքում իմ հանդիսատեսը կարող է շատ բազմազան լինել: Նաև, լինելով ինչ-որ չափով գուրման, սիրում էի ընկերներիս հետ հաճախել տարբեր ռեստորաններ՝ համտեսելու տարբեր երկրների ազգային խոհանոցը: Իսկ ամառային ամիսները, բնականաբար, հրաշալի են՝ թագավորական զբոսայգիներ ու դղյակներ այցելելու համար: Եվ ամենակարևորը՝ այցելում էի Քենսինգտոնի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցին, որտեղ ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ շատ հայ երիտասարդների հետ, որոնցից շատերն ինձ համար դարձան լավ ու հարազատ ընկերներ»:
Մարիամը Լոնդոնում հնարավորություն է ունենում ներկայացնել նաև հայկական երաժշտությունը. «Դասերից մեկի ժամանակ պրեզենտացիա էի պատրաստել մեր հայ գեղջկական լադերի և դրանց առանձնահատկության մասին, այդ ընթացքում նաև կատարեցի մի քանի ժողովրդական երգ՝ ակապելլա: Մեր պրոֆեսորը պրեզենտացիայի ավարտից հետո անմիջապես սկսեց տարբեր հարցեր տալ այդ թեմայի շուրջ, զգացվում էր, որ նրան շատ է հետաքրքրել հայ ժողովրդական երգը: Ճիշտ է՝ ես հայ ժողովրդական երաժշտության մասնագետ չեմ, բայց այդ պրեզենտացիայի շրջանակներում ինչքան կարողացել՝ պատրաստվել էի: Դեռ ինքս եմ մինչև հիմա բացահայտում շատ ու շատ հետաքրքիր փաստեր հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին: Համակուրսեցիներս քիչ էին տեղեկացված Հայաստանից և մեր մշակույթից: Չէին հասկանում՝ եվրոպակա՞ն երկիր ենք համարվում, թե՞ մերձավորարևելյան: Միայն մի կուրսեցի ունեի, ում հայրը հայկական արմատներ ուներ, որոնք տանում էին Թիֆլիս՝ հայտնի բարերար Միքայել Արամյանցի մոտ: Երբ իմացավ, որ ես էլ եմ հայ, շատ ուրախացավ»:
Լոնդոնում ուսանելը երգչուհուն շատ բան է տվել՝ կարգ ու կանոնով ապրել, դասերին ու ընդհանրապես կյանքին շատ լուրջ վերաբերվելու մոտեցում ունենալ. «Չեմ ուզում, իհարկե, փնովել մեր կրթական համակարգը և դասավանդման մեթոդները, բայց դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի գոնե մոտենանք, էլ չեմ ասում՝ հասնենք այդ մակարդակին: Մասնագիտական առումով վերջապես ձեռք բերեցի վստահություն իմ կարողությունների նկատմամբ և ավելի ընդլայնեցի գիտելիքներիս սահմանը: Շատ հետաքրքիր էր շփվել օտարազգի ուսանողների հետ: Նրանք գրեթե բոլորն էլ տարբեր երկրներից էին, և հետևաբար՝ տարբեր մշակույթների ներկայացուցիչներ: Բայց քանի որ ես միշտ էլ գլոբալ աշխարհայացքի տեր մարդ եմ եղել, ինձ համար այդ ամենը խոչընդոտ չէր էլ կարող հանդիսանալ: Ինչպես ասում են՝ կարևորը՝ մարդը մարդ լինի»:
Հետաքրքրվեցի, թե ուսումնական պրոցեսում զգո՞ւմ էր, որ իր հարազատ երկրում չէ, թե՞ այդ մասին մտածելու ժամանակ էլ չէր ունենում: Ի պատասխան՝ Մարիամն ասաց, որ մինչ Անգլիայում ուսումը շարունակելը՝ բազմիցս եղել է Անգլիայում, այն բավականին հարազատ երկիր է դարձել իր համար. «Բնականաբար, կարող ես քեզ ժամանակ առ ժամանակ մենակ զգալ, չէ՞ որ Լոնդոնը հսկա քաղաք է, և մարդկանց անվերջանալի հոսքի մեջ մենությունն է՛լ ավելի է զգացնել տալիս»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Լոնդոնի կրթական համակարգերի նմանություններին ու տարբերություններին, Մարիամն ասաց, որ դրանք գրեթե նույնն են. «Կարևորն այն է, թե այդ տարիների ընթացքում ինչ ես ձեռք բերում՝ գիտելիքների և փորձի առումով: Այնտեղ ուսանողների առջև դրված պահանջները շատ ավելի խիստ ու կոնկրետ են: Շատերը նույնիսկ չեն էլ շարունակում իրենց կրթությունը համալսարանում. բրիտանացիները հիմնականում կենտրոնանում են աշխատանքային փորձ ձեռք բերելու վրա: Այսինքն՝ 16 տարեկանից աշխատում են և ամրապնդում իրենց CV-ները»:
Մարիամ Պետրոսյանի ապագայի պլանները բավականին շատ են, բայց այն պլանները, որոնք արդեն իրականացվելու ճանապարհին են, մի քանիսն են. «Շատ շուտով թողարկելու եմ իմ առաջին տեսահոլովակը, որը լինելու է դուետ՝ ինձ համար արդեն շատ հարազատ դարձած ընկերոջ և հրաշալի երաժիշտ Անդրե Սիմոնյանի հետ: Երգի խոսքերն ու երաժշտությունը ես եմ գրել: Անդրեն նաև այս պրոյեկտի պրոդյուսերն է: Նաև մասնակցելու եմ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որի ընթացքում ելույթ կունենամ «Fade» երգով, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը կրկին ես եմ, իսկ գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը: Սա հրաշալի հնարավորություն է ինձ համար՝ հանդիսատեսին ներկայանալ և ներկայացնել իմ երգերից մեկը: Երգի հիմնական գաղափարը վախերից ազատվելն ու հոգեկան ազատություն ձեռք բերելն է: Բացի այդ, երգը կարող է մեկնաբանվել՝ որպես մեր կողքին գտնվող հարազատ և բարի մարդկանց բարձր գնահատում: Չէ՞ որ հենց նրանք են, որ իմաստ են տալիս մեր կյանքին, և հենց հանուն նրանց մենք պետք է առաջ շարժվենք և երբեք ոչնչից չվախենանք»:
Ռազմիկ Մարտիրոսյան