Մեծ պահքի շրջանը, որն ավանդաբար տևում է 48 օր` մինչև Զատիկ, շատերի համար ասոցացվում է անհամ ուտելիքով։ Իրականում այդպես չէ. մեր նախնիները այդ մասին հոգացել են` մեզ թողնելով ախորժելի բաղադրատոմսերի հիանալի հավաքածու։
Այսօրվանից Հայ առաքելական եկեղեցու հետևորդները մտնում են Մեծ պահքի շրջան, որը տևում է մինչև Սուրբ կիրակի` Զատիկ։ Մեծ Պահքն ունի յոթ կիրակի կամ 48 օր, յոթ հիշարժան օր` Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ Պահքի շրջանում նախկինում արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվել է պսակադրություն կատարել Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Մեծ պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Սակայն դա չի խանգարում սնվել սննդարար, ախորժելի և համեղ ճաշատեսակներով։
Sputnik Արմենիան ներկայացնում է պահքի ճաշացանկի հինգ ավանդական բաղադրատոմսեր, որոնք շատերին դուր կգան։
«Վանա մշոշ»
«Վանա մշոշ» անվանումը հուշում է ճաշատեսակի ծագման մասին: Այն տարածված էր Արևմտյան Հայաստանի հայերի շրջանում: Բաղադրատոմսը պահպանվել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների շնորհիվ: «Վանա մշոշի» բաղադրատոմսը շատ հեշտ է։
Պատրաստման համար անհրաժեշտ է տապակել սոխը, ավելացնել ջրում նախօրոք թրջած ոսպը։ Եփած ոսպին ավելացնում են ընկույզ, չրեր և համեմունքներ:
Քալագոշ
Ոսպով պատրաստվող ևս մեկ ճաշատեսակ է Քալագոշը։ Այսօր այս ճաշատեսակը հայտնի է Սյունիքի մարզում։ Պատրաստման համար անհրաժեշտ է չորաթան, ոսպ, լավաշ, շատ սոխ և բուսական յուղ։
Չորաթանը կարելի է պատրաստել տանը` օգտագործելով մածուն, չաման, ալյուր և սխտորով ու ընկույզով սոուս։ Պահքից հետո ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև մսով։ Այն ուտում են լավաշով։
Ավելուկով աղցան
Ավելուկը հայկական ավանդական խոհանոցի ամենատարածված բաղադրիչներից է, օգտագործում են աղցանների, ապուրների մեջ կամ տապակում ձիթապտղի յուղով։ Ավելուկով աղցանը շատերին դուր կգա։
Պատրաստման համար անհրաժեշտ է ավելուկ, սոխ, սխտոր, ընկույզ, աղ, պղպեղ և զեյթունի ձեթ։ Աղցանը մատուցում են չորահացով և նռան հատիկներով։
Արիշտա
Արիշտան հայտնի է ինչպես տեղի հայերի, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։ Այն սովորաբար պատրաստում են այնքան, որ բավարարի ամբողջ ձմռան ընթացքում։ Խմորի բաղադրիչներն են ալյուրը, ջուրն ու աղը։
Արիշտան եփելու ընթացքում ավելացնում են նաև սունկ կամ մսակտորներ, երբեմն նաև` բանջարեղեն։
Անի քաղցրավենիք
Այս ավանդական աղանդերը 10 դարի պատմություն ունի։ Բաղադրատոմսը վերականգնվել է բանահավաքչության ընթացքում ԱՄՆ Տրանսիլվանիա նահանգից։ Բաղադրատոմսն այնտեղ են տարել 14-17-րդ դարում Անիից գաղթած մեր հայրենակիցները։
Այն պատրաստելու համար ընդամենը 3 բաղադրիչ է պետք` բողկ, մեղր և հնդկական ընկույզ։ Այս բաղադրատոմսը զարմացնում է ոչ միայն պատրաստման պարզ տեխնիկայով, այլ նաև բաղադրիչների համադրությամբ։ Մեր նախնիները ճիշտ են սնվել. աղանդերը, ինչպես նաև ճաշատեսակներ պետք է նպաստեն մարսողությանը և թեթև լինեն։