Դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները Վալենտինի օրվան ընդառաջ կրքոտ ֆոտոշարք են ներկայացրել։ Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ ֆոտոշարքն իրականացրել ենք դիզայներ Սվետլանա Բեգոյանի առաջարկով։
Թեև զույգը լուսանկարները ներկայացրել է Վալենտինի օրվան ընդառաջ, Սարգիսը նշեց, որ չի սիրում Վալենտինի տոնը, գերադասում է նշել Սուրբ Սարգիսը։ «Վալենտինը ընդունում եմ ոչ թե որպես Սուրբ Վալենտինի օր, այլ սիրո տոն։ Որքան շատ լինեն նման տոները, այնքան մեր օգուտն է»,- նկատեց նա։
Սարգիս-Մանո ամուսնական զույգը շատերի համար է նախանձելի։ Շատերին թվում է, որ սիրո բուռն դրսևորումները բնորոշ են վաղ երիտասարդության տարիքին, հասունության հետ այն մարում է։ Սարգսի և Մանոյի ընտանիքը հակառակն է ապացուցում։
«Այդպես մտածողները դժբախտ մարդիկ են։ Մենք կոմպլեքսավորված ազգ ենք, դրա համար էլ մեր երկրում բոլորը տխուր են։ Տարիների հետ սերը չի մարում, կոնյակի պես է, որքան երկար է մնում, այնքան ավելի համով է դառնում։ Ինչպե՞ս կարելի է մի հոգու հետ շատ ժամանակ անցկացնել, երեխաներ ունենալ, ման գալ ամբողջ աշխարհով, լացել, ուրախանալ, հետո սերը նվազի, ինչո՞ւ պիտի նվազի, ընդհակառակը, պիտի ավելի ամրանա»,- նկատեց դերասանը։
Նա հույս հայտնեց, որ իր և Մանոյի ընտանիքը օրինակ կծառայի մյուսներին` որպեսզի չամաչեն արտահայտել իրենց սերը։ «Սերը կյանքի շարժիչ ուժն է։ Բոլորն էլ երազում են ժպտալ, երջանիկ լինել, բայց ամաչում են ցույց տալ իրենց զգացմունքները»,- ասաց նա։
Բարդություններ լինում են յուրաքանչյուր ընտանիքում։ Ձանձրույթի փուլերը հաղթահարելու համար Սարգիսն ունի իր բանաձևը։ Նրա համար կարևոր է, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրն ունենա իր առանձին ժամանցն ու զբաղմունքը։
«Պետք է ազատություն տաս դիմացինիդ։ Մանոն երբեք ինձ չի ասել` այս ժամին տուն կգաս, չի խանդել։ Մենք անչափ վստահում ենք մեկս մյուսիս։ Դա էլ է ամրության պատճառներից մեկը։ Իհարկե, գալիս են նաև ձանձրույթի փուլեր, որոնք այլ կերպ ես լրացնում։ Մի փոքր առանձնանում ես, ընկերներով մի քանի օրով գնում եք հանգստանալու, ուրիշ զբաղմունքներ ես գտնում։ Երբ նայում ես շուրջդ, տեսնում ես` ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ իրենց ընտանիքներից, ինչեր են բամբասում իրենց կեսերից, հասկանում ես, որ ունես հրաշալի ընտանիք, վերաարժևորում ես ունեցածդ»,- նշեց դերասանը։