Տարեց մարդիկ սեքսից ամենևին չեն հրաժարվում. 65 տարեկանից մեծ յուրաքանչյուր երրորդ թոշակառուն առաջին ժամադրությունից հետո արդեն պատրաստ է նոր զուգընկերոջ հետ անկողին մտնել: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին բախվել են սեքսուալ իսկական հեղափոխության հետ, սակայն դրանից հետո անցած տասնյակ տարիներին սեքսի հանդեպ նրանց վերաբերմունքն ավելի պահպանողական չի դարձել: Անցյալ դարի 40-ական և 50-ական թվականների սերունդի թոշակառուների մեծամասնությունը չի հոգնել սիրով զբաղվելուց, հայտնում է BBC-ն:
Հետազոտության համաձայն, որին մասնակցել են 65 տարեկանից մեծ 2 հազարից ավելի բրիտանացիներ, 52 տոկոսը համարում է, որ իր ներկայիս կյանքում սեքսը անբավարար է: Ըստ որում՝ 10 տոկոսից ավելին թոշակի գնալուց հետո մեծ թվով սեռական զուգընկերներ է ունեցել, մինչդեռ շատ երիտասարդների կարծիքով՝ սեքսուալ կյանքն ընդհանրապես դադարում է: Հարցվածների մոտ երրորդ մասը պնդում է, որ պատրաստ է առաջին ժամադրությանը նոր զուգընկերոջ հետ անկողին մտնել:
Հետազոտության հեղինակները համարում են, որ այն ամբողջությամբ շրջում է տարեցների կյանքում սեքսի մասին հանրության ավանդական պատկերացումը: Այսօր թոշակառուները սեքսուալապես ավելի ակտիվ են, քան շատերին թվում է: Սեքսը, ժամադրությունները և հարաբերությունները կարող են բարդ լինել, բայց սա առիթ չէ դրանից տաիքի պատճառով հրաժարվելու համար: Եվ եթե մարդիկ 65 տարեկանից հետո դադարեցնում են որոշ երկարաժամկետ հարաբերությունները, էլ ավելի մեծ պատրաստակամությամբ են նորերը սկսում:
Հետազոտությամբ նաև պարզվել է, որ 80 տարեկանից մեծ միայն յուրաքանչյուր 6-րդ թոշակառուի կյանքում բավարար քանակությամբ սեքս կա: 75 տարեկանից մեծ թոշակառուների 10 տոկոսը վերջին 10 տարում մեծ թվով սեռական զուգընկերներ է ունեցել:
Ակնհայտ է, որ տարեցները հարմարվում են զուգընկերներ գտնելու ժամանակակից մեթոդներին: Օրինակ՝ 65-ն անց թոշակառուների գրեթե երրորդ մասը, որոնք նոր հարաբերություններ են սկսել, իրենց զուգընկերների հետ համացանցում են ծանոթացել: