Զգեստների լեգենդար հոլիվուդյան նկարիչ Այրին Շարաֆի կյանքի մասին շատ քիչ տեղեկատվություն կա, նրա հայկական ծագման մասին` ավելի քիչ։ Sputnik Արմենիան բացառիկ մանրամասներ է ներկայացնում օսկարակիր նկարչուհու կենսագրության մասին, որոնք պատմել են նրա ազգականները։
«Կլեոպատրա», «Ով է վախենում Վիրջինյա Վուլֆից», «Թագավորը և ես», «Ամերիկացին Փարիզում», «Վեսթսայդյան պատմություն»։ Դասական դարձած այս բոլոր ֆիլմերում զգեստների աշխատանքի համար նկարիչ Այրին (Իրեն) Շարաֆն արժանացել է Օսկարի։
Բացի այդ, նրան 15 անգամ առաջադրել են ամերիկյան կինոակադեմիայի ամենահեղինակավոր պարգևին այնպիսի ֆիլմերում արած աշխատանքի համար, ինչպիսիք են «Ծիծաղելի աղջիկը», «Կամակոր կնոջ սանձահարումը», «Կեսգիշերի հակառակ կողմը», «Հելլո, Դոլլի» և այլն։
Այրին Շարաֆը նաև դեկորացիաներ և զգեստներ է պատրաստել ամերիկյան բալետի թատրոնի, Նյու Յորքի բալետի և Ռուսե դե Մոնտե Կառլո բալետի համար։ Նյու Յորքի կերպարվեստի և կիրառական արվեստի դպրոցի շրջանավարտը նկարազարդել է «Vogue» և «Harper’s Bazaar» ամսագրերը։
Հենց նրա պատվին են անվանել «Թատրոնի զարգացման հիմնադրամի» մրցանակը` «Իրեն Շարաֆի կյանքի ձեռքբերումը»։ 1993թ-ին նա դարձել է այդ պարգևի առաջին դափնեկիրը։ Մրցանակը հիմա ամեն տարի հանձնում են հագուստի դիզայներներին, որոնք իրենց կարիերայի ընթացքում մեծ արդյունքների և վարպետության են հասել թատրոնի, կինոյի, օպերայի կամ պարի ոլորտում։
Լեգենդար նկարիչ-դիզայները ծնվել է Բոստոնում 1910թ.–ին։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց մոդելավորողի ազգական, նույնպես հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը, Այրինի հայրը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր։ Նրա ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ 19-րդ դարի վերջին` առաջին կոտորածներից հետո։ Ամերիկայում հայրը` անգլիական շապիկներ արտադրողը, ամուսնացել է ամերիկուհու հետ։ Նկարչուհու մայրը տնային տնտեսուհի է եղել։
Այրինը հազվադեպ է խոսել իր ծագման մասին։ Շարաֆյանի կարծիքով` այդ փաստը կարող էր ինչ-որ կերպ ազդել նրա կարիերայի վրա։
«Նա սկսել է որպես բեմանկարչի օգնական Նյու Յորքի Civic թատրոնում, բայց շուտով նրան վստահել են ձևավորվել «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման դեկորացիաները և հագուստները։ Ներկայացումը մեծ հաջողություն է վայելել, սակայն դրանք եղել են մեծ դեպրեսիայի տարիները, և թատրոնը սնանկացել է։ Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց նրան զանգահարել է կոմպոզիտոր Իրվինգ Բեռլինը և առաջարկել ձևավորել իր նոր մյուզիքլը։ Դա էլ դարձել է նրա ուղեգիրը Բրոդվեյ, իսկ ավելի ուշ` Հոլիվուդ»,- պատմում է Միքայելը։
Նրա խոսքով` Այրին Շարաֆը միշտ թաքցրել է իր անձնական կյանքի մանրամասները։ Նա երբեք ամուսնացած չի եղել, բայց երկար տարիներ ապրել է չինացի նկարչուհի և գրող Մայ-Մայ Սզեի հետ։
«Նրանք երկուսն էլ բարեգործներ են եղել և նյութապես աջակցել են շատ ուսումնական հաստատություններին։ Սզեն մահացել է 1992թ-ին, իսկ Շարաֆը` 1993թ-ին»,- նշում է դիզայները։
Նա նաև հավելում է, որ Այրինը շատ մտերիմ է եղել Բարբարա Սթրեյզանդի և Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Թեյլորի հետ միասին նրանք աշխատել են չորս ֆիլմում։ Հայ նկարչուհին դարձել է նաև Էլիզաբեթի հարսանեկան զգեստի հեղինակը, երբ մեծ դերասանուհին ամուսնանում էր ոչ պակաս հայտնի դերասան Ռիչարդ Բերթոնի հետ։
Այրին Շարաֆի երևակայությունը սահմաններ չէր ճանաչում։ Աշխատելով պրոդյուսեր Արթուր Ֆրիդի թիմիում` նա ճարտարապետական շինությունների, բույսերի և առասպելական կենդանիների տեսքով զգեստներ է ստեղծել։ Թայվանական մետաքսի հետ փորձերը «Թագավորը և ես» ֆիլմում նույնպես տենդենցներ են դարձել նորաձևությունում և ինտերիերի դիզայնում։