Ուրբաթ, Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում, հեռուստադիտողը ականատես եղավ դերասան Ալեքսանդր Բաբասյանի ականջ ծակող՝ «ես ամեն օր հանգստացնում են նրան» ( խոսքը՝ իր տիկնոջ մասին է) արտահայտությանը, նրա կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի խանդի դրսևորմանն ու կադրերին, թե ինչպես դերասանուհի Մերի Հակոբյանը հազալով դուրս եկավ նկարահանման տաղավարից:
Մինչ այդ, սակայն, Լիլիթ Բաբասյանը կարծիք էր հայտնել, թե սերիալում, որտեղ նկարահանվում են Մերի Հակոբյանն ու Ալեքսանդր Բաբասյանն, նկատել է, որ իր ամուսինը ցանկանալով է համբուրում Մերինն, մինդեռ մյուս նմանատիպ տեսարաններից հետո, երբ տուն է գալիս, «սպիրտով մաքրում է երեսն ու բողոքում, որ դերասանական խաղում զզվելով է համբուրվել»:
Asekose.am-ը Մերիից հետաքրքվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Հանրային հեռուստաընկերության «Եկեք հասկանանք» հաղորդման ժամանակ Լիլիթ Բբասյանի հնչեցրած՝ «ուզեց՝ պաչեց» արտահայտությանը, որով նաև բացահայտ ասում էր, որ դերասանական խաղն իր և Ալեքսանդր Բաբասյանի համբույրի տեսարանում կապ չուներ՝ մանավանդ, որ ավելի ուշ եթերում երևաց, թե ինչպես Մերին ցուցադրաբար լքեց նկարահանման տաղավարը, երբ Լիլիթ Բաբասյանը գովերգում էր ամուսնուն՝ իբրև տղամարդ:
Մերի Հակոբյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Նախ՝ ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, թե ինչպես եմ վերաբերվում Ձեր նշած՝ վերոհիշյալ արտահայտությանը՝ «ուզեց՝ պաչեց»… Լինի կյանքում, թե նկարահանման հրապարակում՝ չգիտեմ թե՝ ով ո՞ր արժանիքներով է գնահատում տղամարդուն, սակայն ինձ մոտ հստակ է՝ ես պետք է ցանկանամ ու թույլ տամ, որ ինձ համբուրեն՝ իրականում: Հակառակ դեպքում՝ կարող են միայն երազել…Իսկ իմ դերերի հետ կապված ուրիշ մեկնաբանություններ տալն ուղղակի ծիծաղելի է…
Երկրորդ՝ Լիլիթն այնքան հմայիչ, գրավիչ և, իմ պատկերացումով, այնքան հոգատար կին է, որ ամբողջ կյանքում կարող է և իրավունք ունի վստահ լինել, որ իր կողքի տղամարդը միայն իրեն է ցանկանում համբուրել:
Ինչ վերաբերում է տաղավարը լքելուն, վստահ եմ, որ կադրում լավ երևում էր, թե ինչպես էի ես հազում՝ վատառողջ լինելու պատճառով… Հազի պատճառով տաղավարից ստիպված դուրս գալն ընդամենը զուգադիպություն էր, որն էլ հաղորդման կազմակերպիչները շատ գեղեցիկ օգտագործել են թողարկումն ինտրիգային դարձնելու համար, ինչը ստացվել է, դա երևում է նաև Ձեր հարցից, և ինչի համար ողջունում եմ «Եկեք հասկանանք»-ի աշխատակազմին»: