Տեղեկություն է տարածվել Գյումրու քաղաքապետարանի եւ իսրայելական Լոջիսթիկ Էֆ Թի Զի ընկերության միջեւ հուշագրի մասին, որը նախատեսում է գրեթե 330 հա տարածքի վրա ազատ տնտեսական գոտու ստեղծում: Դատելով հաղորդագրությունից, այնտեղ ենթադրվում է նորագույն տեխնոլոգիական ընկերությունների գործունեության ծավալում:
Իսրայելական ընկերությունը ինքն է ընտրել, թե որ տարածքում կազմավորի գոտին եւ հայտարարում է, որ աշխատելու է Եվրասիական շուկայի ուղղությամբ, ինչի համար էլ ընտրվել է հենց Գյումրին, որն ունի նաեւ օդանավակայան:Ըստ հաղորդագրության, նախատեսվում է, որ կառավարությունն այդ հուշագրին կմիանա երեք ամիս անց:Գյումրիում տեղի է ունենում իսկապես նշանակալի իրադարձություն, թեեւ ժամանակը ցույց կտա դրա գործնականության ու հեռանկարայնության աստիճանը:
Ի վերջո, Հայաստանում բազմաթիվ անգամներ են հայտարարվել տնտեսական հնչեղ նախագծեր, այդ թվում արտաքին ներդրողների մասնակցությամբ, որոնք սակայն չեն ունեցել դինամիկ եւ արդյունավետ զարգացում:
Նախաձեռնությունը հույժ կարեւոր է Գյումրիի համար: Ընդ որում, կարեւորությունը լոկ սոցիալ-տնտեսական չէ: Եվ այստեղ «արտասոցիալ-տնտեսական» գործոնները բավական հետաքրքիր են ընդհանրապես:Տարածքը, որի վրա պետք է կառուցվի այդ գոտին, Գյումրիից Մարմաշեն տանող ճանապարհին է: Ընդ որում հետաքրքիր է, որ Գյումրին ընտրվել է նաեւ օդանավակայանի համար, բայց տարածքը վերցրել են գրեթե հակառակ կողմում, քաղաքի մյուս ծայրում: Հայտարարվում է, որ պետք է կառուցվի օդանավակայանն այդ տարածքի հետ կապող շրջանցիկ ճանապարհ:Մարմաշենը Գյումրիից հյուսիս-արեւմուտք է, հայ-թուրքական սահմանի ուղղությամբ, ինչը կարող է լինել «արտասոցիալ-տնտեսական» գործոններից մեկը: Գործոն, որ հետաքրքիր է Թուրքիա-Իսրայել բարդ հարաբերության ֆոնին:Մյուսն այն է, որ շաբաթներ առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, որը եւս, ըստ հայտարարությունների, պետք է գրավիչ լինի Եվրասիական շուկայի համար:
Գյումրիում իսրայելական ընկերության ստեղծելիք ազատ տնտեսական գոտին կարո՞ղ է դիտարկվել հայ-իրանական սահմանին ստեղծված ազատ տնտեսական գոտու մրցակից, թեկուզ տեսականում:Մյուս կողմից, հայ-իսրայելական հարաբերությունը վերջին մի քանի ամիսներին բավական աշխույժ փուլում է, եւ արդյոք տնտեսական նախաձեռնությունը կարող է լինել Հայաստանի հանդեպ Իսրայելի հետաքրքրության աճի դրսեւորում: Թեեւ օրինակ դեսպանատուն Երեւանում Իսրայելը կարծես թե չի շտապում բացել:
Հակոբ Բադալյան
Ամբողջությամբ՝ lragir.am