1988-ի փետրվարի 29-ին Սումգայիթի մշակույթի ակումբի շենքում հավաքված էին 1000-ավոր հայեր: Տեսարանը համակենտրոնացման ճամբար էր հիշեցնում: Հայերին գազազած ադրբեջանցիների ամբոխի ձեռքից ազատելու համար այստեղ էին բերել սովետական բանակի զինվորները: Այդ պահին դա կենդանի մնալու միակ տարբերակն էր: Շենքից դուրս գալ չէր թույլատրվում: Շատերը դրսում թողել էին իրենց երեխաներին, ծնողներին, ընտանիքի անդամներին, ոմանք` արդեն նրանց դիակները:
Ակումբի դռները բացվեցին միայն մարտի 6-ին, այն բանից հետո, երբ քաղցից, սանիտարական պայմանների և բուժօգնության բացակայությունից մահացավ նորածին մի երեխա: 6 օր անտեղյակության մեջ անցկացրած հայերին տրվեց միակ բացատրությունը` կարող է համաճարակ սկսվել:
1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ դեպուտատների շրջանային խորհուրդը Հայաստանի հետ միավորվելու որոշում կայացրեց: Սումգայիթյան նախճիրն այս որոշման արձագանքն էր Ադրբեջանում:
Սումգայիթում առաջին հանրահավաքը տեղի ունեցավ փետրվարի 26-ին: Այն սահմանափակվեց հայերին կոտորելու և Սումգայիթը հայերից մաքրելու կոչերով: Իսկ հաջորդ օրվա հանրահավաքը և դրան հաջորդած երթն արդեն պիտի իրագործեին այդ կոչերը:
Այն, որ հանրահավաքին հաջորդելու է հայերի զանգվածային կոտորածը, դրա մասնակիցներն ու կազմակերպիչները նախապես գիտեին: Կացինները, երկաթյա ձողերն ու դանակներն անմիջապես հայտնվեցին քաղաքի փողոցները ողողած ամբոխի ձեռքերում: Անգամ անաշա էր բաժանվում` մարտական ոգին բարձր պահելու, մարդու մեջ ննջող գազանին արթնացնելու համար:
Այսպես սկսվեց հայկական կոտորածի երեք օրը, որի մասին կենտրոնական իշխանությունը տեղեկացավ անմիջապես, բայց հապաղեց հայերին օգնության գալու: Թերևս թողնելով, որ Սումգայիթը դառը դաս դառնա ազգային պահանջներ ունեցող խորհրդային մյուս ազգերի համար:
Փետրվարի 28-ին, երբ արդեն իրավիճակը դուրս էր անգամ բանակի վերահսկողությունից, խորհրդային բանակի ստորաբաժանումները հասան Սումգայիթ: Բայց ջարդերը դադարեցին միայն ևս մեկ օր անց, իսկ մինչ այդ զորքն ուղղակի նայում էր, թե ինչպես են հայերին սպանում, այրում, բռնաբարում: Իսկ օգնություն աղերսողներին զինվորները պատասխանում էին` միջամտելու հրաման չենք ստացել:
Այս ամենի մասին, հետագայում ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պիտի ասեր, թե խորհրդային զորքերը Սուգայիթում ուշացան երեք ժամ: Մինչդեռ խորհրդային բանակի անգործությունը հայերի կոտորածի ընթացքում ժամանակին անգամ խորհրդային դատախազության քննության առարկա էր դարձել:
250 000-անոց քաղաքի ողջ տարածքը սպանդանոցի էր վերածվել: Տասնյակ սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից և բռնություններից հետո ողջակիզվածներ, 100-ավոր վիրավորներ, որոնք հաշմանդամ դարձան: Բռնաբարվածներ, որոնց թվում անչափահաս աղջիկներ կային, 200-ից ավելի թալանված բնակարաններ, հրկիզված և ջարդված տասնյակ ավտոմեքենաներ, ավերված արհեստանոցներ, խանութներ, կրպակներ: 18 000 հայ փախստականներ: Այս դեմքով էր Սումգայիթը ներկայանալու 21-րդ դարին: Հենց այս քաղաքին էր վիճակված դառնալ երկու ազգերի հավերժական թշնամության խորհրդանիշը, Սումգայիթն էր, որ առաջինը ցույց տվեց, որ ազգերի բարեկամության երկրում մարդը կարող է սպանել մարդուն միայն նրա ազգային պատկանելության համար:
Պաշտոնական տվյալներով` 32, ոչ պաշտոնական` շուրջ 100 զոհ: Սումգայիթյան ցեղասպանությունից 22 տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե իրականում քանի հայ է սպանվել խորհրդային ինտերնացիոնալ այդ քաղաքում: Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին այդ օրերին վկայում էին ոչ միայն իրենց հարազատներին դրանց մեջ փնտրող հայերը, այլև չոր փաստերը:
Հայազգի զոհերին տրված մահվան վկայականների համարներում ամենափոքր թիվը 187-ն է, ամենամեծը` 648-ը: Փաստորեն, 88-ի փետրվարի 27-29-ը այդ քաղաքում առնվազն 461 մարդ է մահացել, քանի որ մահվան վկայականները համարակալվում են տարեսկզբից և հաջորդաբար:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am