Դերասան Էմիլ Գալստյանն օրերս ամուսնացել է։ Նրա ընտրյալը Խամաճիկների թատրոնի դերասանուհի Նելլի Խաչատրյանն է։ Զույգը նախընտրում է չխոսել անձնական կյանքի մասին, սակայն Նելլին որոշ բացահայտումներ է արել Tert.am Life-ի ընթերցողների համար։
Զույգը միասին է արդեն մեկ տարի, հարաբերություններն օրինականացնելու որոշում կայացրել են 1 ամիս առաջ։ Նրանց ամուսնության առթիվ կազմակերպված խնջույքը կայացել է Մոսկվայում. «Իմ ընտանիքը Մոսկվայում է, գործի բերումով իրենք չէին կարող այս պահին գալ Հայաստան, դրա համար մենք գնացինք։ Մոսկվայում նշեցենք առիթը և վերադարձանք Հայաստան»։
Նելլին հայտնեց, որ պսակադրություն և զագսի արարողություն ևս կլինեն, սակայն ստիպված են մի քիչ սպասել։ «Մեր բարեկամներն ԱՄՆ-ում են։ Մենք սպասում ենք իրենց վերադարձին։ Թե՛ եկեղեցով ամուսնություն, թե՛ զագսի արարողություն, անպայման, կլինի, սակայն ժամկետներ նշել առայժմ չեմ կարող։ Դա կախված է իրենց վերադարձից։ Հարսանիքը կլինի Հայաստանում։ Այդ ժամանակ այստեղ կլինի նաև ընտանիքս»,- ասաց նա։
Խոսելով իր և Էմիլի հարաբերությունների մասին` Նելլին ասաց, որ կյանքի նոր փուլում իրենք շատ երջանիկ են։ «Մենք շա՜տ երջանիկ ենք։ Եթե երջանիկ չլինեինք, հաստատ չէինք սկսի միասին ապրել։ Մենք իրար շատ ենք սիրում, դրա համար ամեն ինչ այսքան հապճեպ եղավ»,- նշեց նա։