«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը 3 դուստրերի` Մեգիի, Ալվինայի և Մարիայի հետ ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ 3 աղջիկների հետ ֆոտոշարք անելու առաջարկը ստացել է լուսանկարիչ Մամիկոն Գևորգյանից։
«Սիրով համաձայնեցի, քանի որ ծանոթ էի լուսանկարչի աշխատանքի որակին։ Թեման միջնադարն էր, մեր առօրյայից, մյուս ֆոտոշարքերից տարբերվող հագուստներ էին ընտրվել, ինչը շատ հետաքրքիր էր։ Նա շատ լավ էր պատրաստվել, մտածել էր ամեն աքսեսուարի մասին»,- ասաց Իրինան։
Մայրիկի ու 3 աղջիկների համար աշխատանքային պրոցեսը հաճելի ժամանց է դարձել, թեև տան կրտսերը` երեքուկես տարեկան Մարիան, փոքրիկ կամակորություններ է արել։
«Մենք վայելում էինք պրոցեսը։ Ես, Մեգին և Ալվինան ավելի շատ վայելեցինք, քան Մարիան։ Նա մի քիչ կամակորություններ էր անում, օրինակ, ասում էր, որ մյուս զգեստն է ուզում»,- պատմեց Իրինան։
Իրինան հաճախ է ֆոտոշարքեր ունենում դուստրերի հետ. «Աղջիկներիս հետ այսպիսի բազմաթիվ փորձեր ենք ունեցել, բայց լուսանկարիչն ասում էր, որ մեզնից միայն Մեգին է «աշխատում» ֆոտոխցիկի հետ։) Իմ ուշադրությունն ավելի շատ փոքրերի կողմն էր, որպեսզի հանկարծ չվիճեն»։
Գեղեցկուհին նկատեց, որ ավագ դուստրը` Մեգին, ապրում է այս աշխարհով։ «Նա ուղղակի տարված է երգով, պարով, հեռուստատեսությամբ, կինոյով»,- ասաց մայրիկը ու հպարտությամբ նկատեց, որ դա չի խանգարում նրան նաև լավ սովորել քոլեջում։
«Որքան էլ զբաղված է լինում, հասցնում է գերազանց պատրաստվել դասերին։ Նա այս տարի ընդունվեց քոլեջ, սկզբում դարձավ իրենց կուրսի, այնուհետև ամբողջ քոլեջի ուսխորհրդի նախագահը։ Ամեն տեղ ակտիվ գործունեություն ծավալում։ Ես բացարձակ չեմ պատկերացնում իրեն առանց այս ամենի։ Մեգին ապրում է այս ամենով։ Հազվադեպ ես տեսնում մարդու, ով հստակ գիտի` իրեն ինչ է պետք և հաճույք է ստանում նրանից, ինչով զբաղվում է»,- նշեց նա։