Ժակն ու Լուլուն 1 օրում կորցրին աշխատանքը. ինչո՞ւ հաղորդավարները խոստացան եթերում լինել վաղը, բայց այլևս չվերադարձան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժակն ու Լուլուն 1 օրում կորցրին աշխատանքը. ինչո՞ւ հաղորդավարները խոստացան եթերում լինել վաղը, բայց այլևս չվերադարձան. life.tert.am

Հաղորդավարներ Ժակն ու Լուլուն` Լուսինե Բադալյանը, «Երկիր մեդիայի» առավոտյան ծրագրի շրջանակում երեկ հեռուստադիտողներին խոստացան եթերում լինել վաղը։ Խոստումից հետո, սակայն, շատ բան փոխվեց։ Այսօր հաղորդավարական զույգը եթերում չէր, առավոտյան ծրագիրը փակվել է։ Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինեն ասաց, որ անժամկետ արձակուրդ գնալու որոշում է կայացվել։

Որոշումն անսպասելի է եղել ոչ միայն հեռուստադիտողների, այլև հաղորդավարների համար։ Ժակն ու Լուսինեն այդ մասին իմացել են վերջին պահին։ Նրանք չեն հասցրել նույնիսկ հրաժեշտի  եթեր ունենալ։

«Հենց դա էր ամբողջ անսպասելիությունը, որ մենք եթերն ավարտեցինք` խոստանալով վաղը վերադառնալ, բայց պարզվեց, որ վաղը չի գալու կամ կգա չգիտեմ երբ։ Միգուցե, ճիշտ կլիներ հրաժեշտի եթեր ունենալ կամ մենք նախապես տրամադրված լինեինք, որ սա վերջին եթերն է, սակայն եղավ  այն, ինչ եղավ։ Այդ ամենը եղել է տեխնիկական պատճառներով, որևէ մեկին մեղադրել չենք կարող։ Ամեն դեպքում ես ուրախ եմ այս տարիների հրաշալի  համագործակցության համար»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ղեկավարությունը, ամեն դեպքում, ավելի շուտ է իմացել որոշման մասին, վիրավորական չէ՞, որ իրենք մինչև վերջին պահը ոչինչ չեն իմացել, Լուսինեն արձագանքեց, որ բոլոր հարցերին ըմբռնումով է մոտենում. «Կյանքում գալիս է պահ, երբ քեզ ոչինչ այլևս չի զարմացնում։ Դու երբեք չգիտես, թե վաղը կամ հենց այսօր ինչ կլինի քեզ հետ։ Ես արդեն ամբողջ էությամբ տրամադրված եմ անսպասելի իրավիճակների, այդ առումով շատ կոփված եմ, դրա համար յուրաքանչյուր իրավիճակի արձագանքում եմ առանց խուճապի մատնվելու։ Ես հասկանում եմ, որ այդ որոշումը շատ ծանր է եղել ու, երևի, հենց այդ ծանրությունից է, որ  մենք մինչև վերջին պահը ոչինչ չենք իմացել»։

Անդրադառնալով հետագա համագործակցությանը «Երկիր մեդիայի» հետ, Լուսինեն ասաց, որ կյանքում ոչինչ չի բացառում, հատկապես, որ աշխատել է շատ լավ անձնակազմում։ «Ես անկանխատեսելի մարդ եմ ոչ միայն բոլորի, այլև ինքս ինձ համար, այդ իսկ պատճառով ոչինչ ասել չեմ կարող։ Շատ բան թելադրում են պահն ու  իրավիճակը։ Ամեն դեպքում համարում ենք, որ այս փուլն ավարտված է, հետո նոր փուլ կսկսվի՞, թե՞ չէ, նոր համագործակցություն կլինի՞, թե՞ չէ, մշուշոտ է»,- նկատեց Լուսինեն։

Հաղորդավարուհին անկեղծ խոստովանեց, որ այս պահին այլ հեռուստանախագծերի առաջարկներ չկան։ «Ինձ համար ավելի բարդ է, քանի որ նախորդ աշխատանքից դուրս գալս (նա և Ժակը աշխատում էին «Կենտրոն» հեռուստաընկերության առավոտյան ծրագրում, սակայն խնդիրների պատճառով հեռացան աշխատանքից, հեղ.) ինձ ցույց տվեց, որ ես ամեն տեղ չէ, որ կարող եմ աշխատել»,– ասաց նա ու հավելեց, որ դեռևս չգիտի` նոր համագործակցություն կլինի՞ Ժակի հետ, թե` ոչ։

Հայկական շոու բիզնեսի ամենահաշտ հաղորդավարական զույգերից մեկը հասկանում է, որ, երբեմն, պետք է նաև առանձին ներկայանալ։ «Մենք մի քանի անգամ անցել ենք նմանատիպ իրավիճակներով, փորձել եք մեզ գտնել առանձին-առանձին, բայց, միևնույն է, վերադարձել ենք  ու երկուսով նոր բան արել։ Նախորդ անգամ մտածեցինք, գուցե, մի որոշ ժամանակ հետաքրքիր կլիներ առանձին ինչ-որ բան անել, հետո կրկին միանալ, բայց ստացվեց այնպես, որ շարունակեցինք միասին ներկայանալ։ Այս անգամ դեռ չենք խոսել, բայց, երևի, լուռ մտածեցինք այդ մասին։ Ամեն դեպքում, մենք երբեք դեմ չենք իրար հետ աշխատել, մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում։ Թե ինչ կլինի ապագայում, չեմ կարող ասել։ Ես սիրում եմ հանձնվել ալիքներին, ոչ թե պայքարել ինչ-որ բան ունենալու համար։ Այսպես ավելի հետաքրքիր է»,- ասաց նա։

Հաղորդման փակվելը հաղորդավարների ու անձնակազմի համար տխուր լինելուց զատ նաև աշխատանքի ու կայուն եկամտի կորուստ է ենթադրում։ Լուսինեն խոստովանում է, որ 1 օրում աշխատանք կորցնելու արդյունքում մի շարք բարդություններ են առաջ գալիս, հատկապես, Հայաստանում. «Դա առաջին խնդիրն է, որ գալիս է աչքիդ առաջ, որովհետև ինչ վերաբերում է անձնակազմին` ես ու Ժակը շարունակում ենք միասին աշխատել ռադիոյում, իսկ աշխատակազմի մյուս անդամների հետ, այսօր օրինակ, հեռախոսով ենք սուրճ խմել, կապը միշտ լինելու է։ Առաջին բանը, որ քեզ անհանգստացնում է, հիմնական աշխատանք չունենալու խնդիրն է։ Սակայն մեզ մանկուց համոզել են, որ տաշած քարը գետնին չի մնա։ Մի քիչ մտածում ենք, որ տաշած քար ենք ու հուսով ենք, որ գետնին չենք մնա»,- եզրափակեց հաղորդավարուհին։