Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով։ Մարտիրոս գյուղում` հայ-ադրբեջանական սահմանի մոտ, գտնվում է ևս մեկ միջնադարյան ժառանգություն` Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը Վայոց Ձորի բնակիչների հպարտությունն է։ Այն կառուցված է ժայռի մեջ և իր տեսակի մեջ երկրորդն է` Գեղարդի վանքից հետո։
Վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մարտիրոս վարդապետի կողմից 1286թ-ին։
Դժբախտաբար, հիմա այդ եկեղեցին չի գործում, սակայն տեղի բնակիչները գալիս են այստեղ աղոթելու։ Ինչպես պատմում են վայոցձորցիները, դա աստծո յուրահատուկ տաճար է, որովհետև կառուցված է ժայռի մեջ` Նզար (Նազար) լեռան ստորոտին։ Դա նրան յուրահատուկ աուրա է հաղորդում։
Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին
Եկեղեցու տարածքում կարելի է տեսնել XIII դարի խաչքարերի բեկորներ։ Մեզ հասած ձեռագիր արձանագրությունների համաձայն` վանքն ամբողջությամբ կառուցել է Մարտիրոս վարդապետը 1286թ-ին, իսկ ճարտարապետը Գրիգորիկն է։
«Գեղատեսիլ վայր, որը դուր է գալիս ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ արտասահմանցիներին։ Բոլորը մինչև եկեղեցի հասնելու հնարավորություն ունեն, օրինակ, ձիով կամ ոտքով։ Բայց կա նաև ավտոմեքենայի ճանապարհ»,- Sputnik Արմենիային ասաց Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն Արգիշտի Միքայելյանը։
Եկեղեցին տարբերում է յուրահատուկ ճարտարապետությամբ` միջնապատերի բացակայությամբ, իսկ լույսը ներս է թափանցում միակ աղբյուրից` գմբեթից։
Ժամանակակից մասնագետները կարծում են, որ իր կատարման մակարդակով այդ եկեղեցին հայկական եկեղեցաշինության գոհարներից է։
Ցավոք, այդ եկեղեցու մասին տեղեկատվությունն այդքան շատ չէ, սակայն ոչինչ չի խանգարում գնալ Վայոց Ձոր` միջնադարյան վարպետների ստեղծագործությունը տեսնելու և նրանց մտքի թռիչքով ու երևակայությամբ զարմանալու համար։