Tert.am Life-ն այսօր ներկայացրել է դերասան Նիկոլայ Եղիազարյանի փոքրիկի առաջին լուսանկարը։
Երեկ Նիկոլայի կինը` Հելենը, և նորածին դուստրը դուրս են գրվել ծննդատնից։ Դերասանն ընկերների հետ գնացել է իր սիրելի աղջիկներին դիմավորելու և գեղեցիկ անակնկալ է մատուցել նրանց։ Ծննդատան դիմաց Նիկոլայն ու ընկերները նրանց սպասում էին փուչիկներով ու Ռուբինայի անվանատառերով։ Հելենին և Ռուբինային դիմավորողների թվում է եղել նաև դերասան Արսեն Լևոնյանը, որը բավականին մտերիմ է Նիկոլայի հետ։
«Շատ-շատ ուրախ եմ, որ առաջին երեխաս աղջիկ է, քանի որ միշտ ցանկացել եմ առաջինն աղջիկ ունենալ։ Ռուբինա անունը ես եմ ընտրել։ Ես շատ-շատ եմ սիրում այդ անունը։ Կարծում եմ` շատ յուրօրինակ անուն է։ Հելենն էլ շատ մեծ սիրով ընդունեց առաջարկս, ընտանիքիս անդամներն էլ։ Քանի որ հայրիկիս անունը Ռուբեն է, բոլորից շատ նա էր ուրախացել»,- նշել է դերասանը։
Նիկոլայը չի դադարում ասել, թե որքան երջանիկ է։ Նրա խոսքով` չի կարողանում նկարագրել զգացմունքները, սակայն երջանկությանը չափ չկա։