«Արմենիա TV»-ի եթերում երկուշաբթի կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը։ Նախագծում նկարահանվել են 6-17 տարեկան երեխաներ. Անահիտ Ադամյանը` Աշոտ Ղազարյանի թոռնուհին, Ալբերտոն` Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին, Ալիկը` Մկրտիչ Արզումանյանի որդին, Դալիթա Ավանեսյանը, Ժան Աբրահամյանը, Սերժ Առաքելյանը, Միքայել Բաղդասարյանը և այլք։
12 մասից բաղկացած մյուզիքլի գլխավոր պրոդյուսերը Գրիգոր Նազարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Գրիգոր Վահրամյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի կրեատիվ պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանն ասաց, որ հատուկ շեշտադրում չեն արել հայտնի երեխաներին նախագծում նկարահանելու համար. «Երևանի երաժշտական տարբեր դպրոցներում մի քանի փուլով քասթինգ ենք անցկացրել։ Մյուզիքլում նկարահանվելու համար մոտ 500 երեխայից ընտրվել են հիմնական 15 և երկրորդային կերպար մարմնավորող շուրջ 50 երեխա։ Քասթինգն անցկացրել ենք տեսախցիկի առաջ, բոլորին տվել ենք նույն հանձնարարությունը։ Իրենց լավագույնս դրսևորած և դերին համապատասխան մասնակիցներն անցել են։ Ինչ վերաբերվում է հայտնի մարդկանց երեխաներին` նրանք նույնպես անցել են քասթինգ։ Նրանց ընտրությունը միտումնավոր չի եղել, պարզապես համընկել է։ Նրանց կերպարները շատ համապատասխան են իրենց դերին»։
Երեխաների հետ աշխատանքը ենթադրում է հատուկ մոտեցում։ Նկարահանման հրապարակում ստեղծագործական թիմն է փորձել նրանց մոտիվացնել, տանը` ծնողները։ Օրինակ` դերասան Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ավագ որդին` Ալբերտոն, միայն աշխատավարձով է համաձայնել նկարահանվել ֆիլմում։ Ծնողները չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում և նրան նկարահանման բերելու այլընտրանքային ճանապարհ են գտել` ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։ «Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,- ասաց դերասանը, ով իր գրպանից է վճարել որդու աշխատավարձը, քանի որ չի ցանկացել նրան հուսախաբ անել։
Մկրտիչ Արզումանյանի որդին` Ալեքսանդրը այս նախագծով առաջին քայլերն է անում դերասանական ասպարեզում։ «Ինձ շատ դուր են գալիս նկարահանումները։ Շատ զվարճալի և ուրախ է անցում մեր առօրյան։ Նախագծում նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Հետագայում էլ կցանկանամ այլ նախագծերում նկարահանվել,- նշել է նա ու հավելել, որ իրեն հետաքրքրել է հատկապես այն, որ պետք է կլարնետ նվագի։ – Ես երաժշտական կրթություն չունեմ։ Հատուկ դասերի եմ գնացել, թե ինչպես պետք է նվագել այդ գործիքը։ Նկարահանման առաջին իսկ օրվանից ինձ մոտ լավ է ստացվել»։
Աշոտ Ղազարյանի թոռնուհին` «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր 13-ամյա Անահիտ Ադամյանը, մարմնավորում է գլամուր աղջկա, որն ամբողջ ժամանակն անցկացնում է սոցիալական ցանցերում։ 13-ամյա երգչուհու խոսքով` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում նկարահանվելն իր համար մեծ փորձ է։ «Առաջին անգամ եմ նկարահանվում հեռուստատեսային նախագծում։ Ինձ դուր են գալիս նկարահանումները, բայց հետագայում չգիտեմ կշարունակեմ այս ոլորտում հանդես գալ, թե` ոչ։ Ինձ համար առաջնայինը երգն է»,- ասել է նա։
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 18։00-ին, հեռտուստադիտողները կհետևեն մյուզիքլի, որի գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։