Երբ տղամարդը կապվածություն է զգում՝ միայն մեկ կնոջ, իսկ կինը՝ միայն մեկ տղամարդու հանդեպ, դա բարենպաստ է թե՛ նրանց հոգեկան վիճակի, և թե՛ նրանց կյանքում հաջողության ու բարեկեցության համար: Երբ կնոջ ու տղամարդու միջև կապ է ձևավորվում, նրանց բարակ մարմինները խաչվում են ու դառնում մեկ մարմին: Տեղի է ունենում էներգիայի փոխանակություն, կինը տղամարդուն է տալիս իր կանացիությունը, իսկ տղամարդն էլ՝ իր տղամարդկությունը: Այդպես նրանք ձեռք են բերում մեկ միասնական ուժ ու դառնում մեկ օրգանիզմ:
Ինչո՞ւ մեզ դուր չի գալիս, երբ մեզ դավաճանում են: Քանի որ մեզ զրկում են Շակտի բարակ էներգիայից, մեզ, ասես, կողոպտում են: Նորմալ կինը դավաճանության չի գնա, նա ծաղկում, իր կանացիության գագաթնակետին է հասնում հենց մեկ տղամարդու հետ, նա իրապես երջանիկ է դառնում միայն այն մտքից, որ նվիրված ու հավատարիմ է միայն մեկ տղամարդու: Նույնպես և տղամարդը խելամտություն, տղամարդկային ուժ, հաջողության հասնելու հմտություն ձեռք է բերում՝ հավատարիմ լինելով միայն մեկ կնոջ: Շատերն են այժմ սկսում հասկանալ հավատարմության ու անապական լինելու ուժը:
Իսկ ի՞նչ անել, եթե նախկինում դուք այդ գիտելիքները չեք ունեցել, եթե անցյալի ճակատագրական կապերից դեռ մնացել են ձեր կյանքում, եթե կան այս կյանքում դեռ չավարտված հարաբերություններ, և այս եթերային կապերը մեզ այժմ թույլ չեն տալիս կառուցել նոր, ներդաշնակ հարաբերություններ կամ խոչընդոտում են արդեն իսկ ստեղծված հարաբերությունների զարգացմանը: Ամենագլխավորը բոլոր հարաբերությունները ճիշտ ավարտելն է: Կապի խզման պահին մենք ունենում ենք ցավոտ զգացմունքներ, և շատ կարևոր է քո մեջ այդ ցավը չպահելը, այլ խոսելը, արտահայտվելը, այն դուրս բերելը: Լավ կլինի սեփական ցավի կամ վիրավորանքի մասին խոսել մտերիմ մարդկանց, ընկերուհիների հետ, որոնք ձեզ կոգևորեն ու չեն թողնի ընկճվել: Այլապես վերքը չի լավանա, հոգու խորքում կմնա ցավոտ մի հետք:
Եվ ևս մեկ կարևոր պահ. անհրաժեշտ է կարողանալ հեռանալիս ներել ու սիրով բաժանվել: Սխալն այն է, որ մեծամասնությունը բաժանվելիս բացասական էմոցիաներ է ունենում՝ չհիշելով երբևէ եղած լավ պահերի մասին: Բայց սրտի համար լավագույն սպեղանին հենց սերն է: Բաժանվելուց հետո քեզ ժամանակ է պետք վերականգնվելու համար: Շատերը բաժանվելուց հետո ցավ չզգալու համար մտնում են նոր հարաբերությունների մեջ, իրենց ուշադրությունը բևեռում են այլ մարդու վրա: Մարդիկ ժամանակ չեն տալիս իրենց վերքերը բուժելու: Բայց դա սխալ է, ու դրանով այդ նոր հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում, քանի որ նախորդ հարաբերությունների բոլոր խնդիրները մեխանիկորեն տեղափոխվում են նոր կապի վրա, քանի որ բարակ մարմինը մաքրված չէ, նրանցում դեռևս պահպանված են այլ մարդու մասին հիշողությունները: Նախորդ հարաբերություններից վերականգնվելու համար պետք է անցնի առնվազն մեկ տարի:
Ինչո՞ւ են շատ հարաբերություններ, ամուսնություններ ավարտվում բաժանությամբ: Շատ դեպքերում դա կապված է հենց այն բանի հետ, որ նրանք ձևավորվել են ոչ բարենպաստ ժամանակաշրջանում, երբ մարդը դեռևս չի վերականգնվել նախորդ հարաբերություններից, նա դեռ իրեն չի մաքրել, չի մոռացել ու վերլուծել վիրավորանքները: Այդ պատճառով էլ շատ կարևոր է, եթե դուք ուզում եք կառուցել իսկապես ամուր, ներդաշնակ հարաբերություններ, տվեք ձեզ գոնե մեկ տարի ժամանակ՝ մաքրվելու ու վերականգնվելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ