Մեղավորը միայն ինտերնետը չէ
Աշխարհի ամենամեծ և կարևոր սպառողական շուկայում՝ ԱՄՆ-ում, բնակչության գնողունակությունը դեռ երբեք այսքան բարձր չի եղել, իսկ գործազրկությունը՝ այսքան ցածր։ Սակայն հարստացած ամերիկացիները կարծես որոշել են խանութներ չայցելել։ Ռիթեյլի հսկաները՝ Guess, Gap, Michael Kors, Abercrombie & Fitch և մյուսները, զանգվածաբար փակում են իրենց խանութները։
American Apparel-ը սնանկացել է։ Իսկ ամերիկյան միջին խավի համար ամենագլխավոր ցանցը՝ Macy’s-ը, պատրաստվում է 10 հազար հոգու կրճատել։ Nike-ը հրաժարվում է վաճառել ապրանքները գործընկեր-խանութներում, որպեսզի սեփական վաճառքի կետերը դիմանան մրցակցությանը։ Վերլուծաբանների կանխատեսումներով, առաջիկա 5 տարում ԱՄՆ-ում կփակվի առևտրի կենտրոնների կեսը։
Թվում է՝ ինտերնետի դարաշրջանում զարգացած երկրներին այլևս շատ խանութներ պետք չեն։ Հյուսիսային Ամերիկայում առևտրային տարածքների կենտրոնացումը հինգ անգամ գերազանցում է Եվրոպայի միջինը։ Ընդ որում, խանութների մեծ մասը խրված է պարտքերի մեջ՝ վարկերի և վարձավճարների գծով։
Moody’s-ի գնահատականով, 5 տարի անց այս շուկայում պարտքային անդունդ կառաջանա, խուճապահար ռիթեյլերները կսկսեն վերաֆինանսավորման ուղիներ գտնել և, ամենայն հավականությամբ, չեն գտնի։ Եվ այդ ժամանակ պարտքային փուչիկը կպայթի, ինչպես եղավ 2008 թվականին։
Ամերիկայից Եվրոպա
2017 թվականին բրիտանական Topshop-ի հասույթը կրճատվել է 79%-ով։ Շուկայի հսկա H&M-ի վաճառքի ծավալն ամենաքիչն է եղել վերջին 10 տարում։
Ռուսաստանում հագուստի շուկան ավելի փոքր է, սակայն խնդիրներն այստեղ էլ են ակնհայտ։ 2014 թվականի ճգնաժամի հետևանքով այս երկրից հեռացան մի շարք միջազգային բրենդեր՝ La Senza, Mexx, C&A, New Look, American Eagle Outfitters։ Նրանց փոխարեն քչերն են գալիս։ Նույն H&M-ը մշտապես հետաձգում է իր մյուս բրենդերի (օրինակ՝ COS-ի) բացումը։ Adidas-ը, որին Ռուսաստանում կարծես ոչ մի վտանգ չի սպառնում, արդեն մի քանի տարի շարունակ կրճատում է մանրածախ վաճառքը։ Իսկ կանացի ներքնազգեստի շուկայի համաշխարհային առաջատար երկար ժամանակ մեծ զգուշությամբ ուսումնասիրում էր ռուսաստանյան շուկան՝ սկզբնական շրջանում բացելով միայն օծանելիք և աքսեսուարների վաճառքի կետեր։
Ամբողջությամբ՝ b4b.am