Կայացավ «Օսկար» 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը. news.1tv.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կայացավ «Օսկար» 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը. news.1tv.am

Լոս Անջելեսի Dolby Theatre կինոթատրոնում կայացավ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որի ընթացքին Առաջին ալիքի հեռուստադիտողները հետևեցին ուղիղ հեռարձակմամբ։ Մրցանակաբաշխությունը երկրորդ անգամ անընդմեջ վարում էր ամերիկացի հաղորդավար, կատակերգու Ջիմի Քիմելը, իսկ Առաջին ալիքի մեկնաբանական խցիկում այս գիշեր աշխատում էին Ավետ Բարսեղյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Դավիթ Ծերունյանը։

«Օսկար» մրցանակը հանձնվեց 24 անվանակարգում։ «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի՝ «Ջրի ձևը» դրաման։ Այս տարի ևս «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին հայտարարեցին «Օսկարի» նախորդ տարվա սկանդալի հեղինակներ Ուորեն Բիթին և Ֆեյ Դանաուեյը։ Գիլերմո դել Տորոն արժանացավ «Օսկար» մրցանակի նաև լավագույն ռեժիսոր անվանակարգում։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Գարի Օլդմենը՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում դերակատարման համար։ Տարվա «Լավագույն դերասանուհին» էլ Ֆրենսիս ՄաքԴորմանդն է, ով խաղացել է գլխավոր հերոսուհու դերը «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» դրամայում։

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արժանացավ ռեժիսոր Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը»։ «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմն էլ ճանաչվեց «Լավագույն անիմացիոն ֆիլմ»։

Օսկարակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Այսօր Առաջին ալիքի եթերում՝ ժամը 23։00-ին, կարող եք դիտել «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության օրագիրը։

news.1tv.am