Լոս Անջելեսում ընթանում է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:
Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է 90-րդ անգամ:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։
Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Մրցանակաբաշխության կարևորագույն անվանակարգերից մեկում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվելով լավագույն դերասան:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկառուս»-ը, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար պարգևատրվել է բրիտանական արտադրության «Դյունկերկ»-ը:
Ինչ վերաբերում է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգին, ապա այստեղ հաղթել է «Ֆանտաստիկ կին»-ը:
Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): Իսկ 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլ»-ը, մինչդեռ «Կոկո»-ն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ:
Լավագույն վիզուալ էֆեկտների համար պարգևատրվել է «Շեղբի վրայով վազողը 2049»ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:
Մինչդեռ «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար»անվանակարգերում «Օսկար»են ստացել «Դո՛ւրս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով»ֆիլմերը: