Ի՞նչ է լինում, երբ հայտնի մարդիկ հայտնվում են մրցակցային դիրքում, ով ինչպե՞ս է իրեն դրսևորում խաղի ազարտի, հաղթանակի կամ պարտության պահին. 3/Օֆֆ նախագիծը շարունակում է հայտնիներին ներկայացնել նոր իրավիճակում։ Մարտի 16-ին մեկնարկում է նախագծի երրորդ եթերաշրջանը։
Tert.am Life-ը եղել է նախագծի նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում ֆոտոշարք ու մանրամասներ 3/Օֆֆ-ի նոր եթերաշրջանի մասին։
«Բնականաբար, ամեն եթերաշրջանում պետք է ունենանք նորություններ։ Այս անգամ էլ ունենք նոր մրցույթներ, որոնք բավականին հետաքրքիր են։ Կան մրցույթներ, որոնք, նոր են, կան մրցույթներ, որոնք ադատպատցված են։ Մրցույթներից մեկը մենք ենք մտածել։ Ես, համենայն դեպս, որևէ տեղ չեմ տեսել այն։ Առաջին 4 հաղորդումն արդեն նկարահանել ենք ու հասկացել, որ մրցույթներն իսկապես հետաքրքիր ու զվարճալի են։ Կարծում եմ` հեռուստադիտողներին էլ դուր կգան»,- ասաց նախագծի հաղորդավար Արտյոմ Հակոբյանը։
3/Օֆֆ-ի ձևաչափում շատ կարևոր է հյուրերի ընտրությունը։ Հայաստանում շատ նախագծեր երկար կյանք չեն ունենում, քանի որ սպառվում են հայտնի հյուրերը։ Արտյոմը խոստովանում է, որ դա, իրոք, բարդ խնդիր է, սակայն չհրավիրված հետաքրքիր հյուրեր դեռ կան։
«Իհարկե, հյուրերի քանակը սահամանփակ է։ Ամեն ծրագրում միանգամից 6 հյուրի ենք ընդգրկում, ինչը բավականին բարդ է։ Նույնիսկ 1-2 հյուրի դեպքում է դժվար տարիներ շարունակ գտնել նոր մարդկանց, սակայն դեռևս կան նոր մարդիկ։ Կարծում եմ` 3-րդ եթերաշրջանում էլ բավականին հետաքրքիր հյուրեր կունենանք։ Հենց առաջին ծրագրում բավականին լավ հյուրեր են ընդգրկված` մի կողմում Նազենին, Ավետը և Սոֆին են, մյուս կողմում` Հանրայինի Առավոտյան ծրագրի թիմը` Մամիկոնը, Մերին և Տիգրանը։ Բավականին հետաքրքիր ու զվարճալի խաղ էր։ Մարդիկ, որոնց հեռուստադիտողները տեսել են լուրջ կարգավիճակով, կներկայանան հետաքրքիր, թռվռացող, բղավող կարգավիճակում»,- նկատեց Արտյոմը։
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե չի կարողանում մտնել խաղի տրամադրության մեջ, Արտյոմն ասաց. «Ես այդ կարծիքներին ժպիտով եմ վերաբերում։ Վստահ եմ, որ նմանատիպ երևույթներ միշտ լինում են։ Չկա այնպիսի ծրագիր, որի մասին միայն դրականն ասեն։ Մեր նախագծի մասին 99 տոկոսը խոսում են լավը։ Իմ ծրագրում ավելի կարևոր է հյուրերի, ոչ թե հաղորդավարի մասնակցությունը։ Իմ գործառույթն է` արագ կազմակերպել մրցույթները, այնպես անել, որ հյուրերը լինեն ազատ և անկաշկանդ։ Կարծում եմ, որպես հաղորդավար, կատարում եմ իմ ֆունկցիաները։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր այդ դերում կցանկանային տեսնել իրենց կամ իրենց հարազատին, բայց դա իրենց խնդիրն է։ Ես համարում եմ, որ նախագիծը ստացված է։ Եթե առաջին եթերաշրջանում ասում էի, որ դեռ սուբյեկտիվ կարծիք եմ հայտնում, երրորդ եթերաշրջանում, դատելով նախորդների արձագանքներից ու ռեյթինգներից, կարող եմ ասել, որ ունենք կայացած նախագիծ, և դա օբյեկտիվ գնահատական է։ Որևէ բան փոխել պետք չէ, պետք է միշտ աշխատել նոր եռանդով և ավելացնել նոր մրցույթներ»,- նշեց նա։