I-PACE` հայտնի են Jaguar-ի առաջին սերիական էլեկտրական մոդելի մանրամասները (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

I-PACE` հայտնի են Jaguar-ի առաջին սերիական էլեկտրական մոդելի մանրամասները

Jaguar ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց I-PACE էլեկտրական քրոսովերը, որն ունակ է մեկ լիցքավորումով անցնել մինչև 480 կիլոմետր: Jaguar I-PACE-ը կառուցված է մոդուլային հենահարթակի վրա, որը մշակվել է հատուկ էլեկտրամոբիլների համար, և սա JLR խմբի առաջին մոդելն է, որում այն կիրառում է ստացել:

Ավտոմեքենայի գաբարիտային երկարությունը կազմում է 4682 միլիմետր, լայնությունը՝ 2011 միլիմետր, բարձրությունը՝ 1565 միլիմետր: Անվային բազան հավասար է 2990 միլիմետրի, իսկ քաշը՝ 2133 կիլոգրամ: Զանգվածն ըստ սռնիների բաշխված է կատարելապես հավասարաչափ՝ 50:50 համամասնությամբ: Հարկ է նշել, որ I-PACE-ը 49 մմ ավելի կարճ է և 87 մմ ավելի ցածր, քան Jaguar-ի սիրված F-PACE քրոսովերը, ու միևնույն ժամանակ ավելի ծանր է դրանից ամբողջ 272 կիլոգրամով:

I-PACE-ի առջևի կախոցը երկլծակ է, հետևինը՝ բազմալծակ, որն ըստ ցանկության կարելի է լրացնել պնևմատիկ լուծումներով: Ավտոմեքենան նաև կստանա Adaptive Dynamics ադպատիվ տեխնոլոգիայով կախոցը, որը կարգավորում է համակարգի կոշտությունը՝ կախված ճանապարհային պայմաններից:

Ավտոմեքենայի հետևի շարքում ոտքերի տարածությունը կազմում է 890 միլիմետր, իսկ կենտրոնական թունելի բացակայությունը սրահի օգտակար ծավալին ավելացնում է ևս 10,5 լիտր: Հետևի նստատեղերի տակ առկա են պլանշետների և նոթբուքերի համար նախատեսված պահոցները: Բեռնախցիկի ծավալը  656 լիտր է (կամ 1453 լիտր՝ հետևի ծալված նստատեղերով): Եվս մեկ բեռնախցիկ (27 լիտր ծավալով) նախատեսված է ավտոմեքենայի առաջնամասում, այնտեղ, որտեղ տեղադրվում է ավանդական ավտոմեքենաների շարժիչը:

Քրոսովերը սարքավորված է 200 ձ.ուժ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչներով՝  մեկական յուրաքանչյուր սռնու վրա: Շարժիչները սնվում են 90 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցից, որը թույլ է տալիս I-PACE-ին 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 4,8 վայրկայնում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 200 կ/ժ:

100 կՎտ հզորությամբ լիցքավորիչը թույլ է տալիս մարտկոցները լիցքավորել 80%-ով ընդամենը 40 րոպեում: Սովորական կենցաղային վարդակից լիցքավորելու դեպքում ամբողջական լիցքավորումը կպահանջի 10 ժամ: Jaguar-ը հայտարարում է, որ ավտոմեքենայի բոլոր էլեկտրոնային համակարգերն ու ուժային ագրեգատը կարող են աշխատել նույնիսկ  Ցելսիումի -40 ջերմաստիճանային պայմաններում: Դրա ապացույցներից մեկն էլ վերջերս կայացած փորձարկումն էր, որի մասին պատմել էինք մեր ընթերցողներին (դիտել տեսանյութը):

Jaguar I-PACE-ը արհեստական ինտելեկտի ալգորիթմների օգնությամբ կարող է վերլուծել վարորդի գործողություններն ու նախասիրությունները և դրանց համապատասխան կարգավորել կառավարման համակարգերը, կլիմայական սարքավորումներն ու ավտոմեքենայի մուլտինեդիա  համակարգի աշխատանքը: Ընթացքի ռեժիմները կարելի է ընտրել նաև կախված եղանակից, օրվա ժամից և երթուղուց:

Նոր էլեկտրական քրոսովերը սարքավորված է նորագույն սերնդի մուլտիմեդիա համակարգով և նավիգացիայով,որը կարող է գնահատել երթուղու մանրամասները, հիշել նախորդ ուղևորությունների տվյալներն ու վերլուծել վարորդի վարելաոճը:  Այս տեղեկությունների հիման վրա էլ հաշվարկվում է ընթացքի արագությունն ու երթուղու մնացած հատվածի հաղթահարման համար անհրաժեշտ լիցքը:

Հայաստանում նոր Jaguar I-PACE-ի հասանելիությունը կարելի է ճշտել ապրանքանշանի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունում:

autoplus.am