Մարտի 8-ից մեծ էկրան կբարձրանա «ԱրմենИЯ» գեղարվեստական նոր ֆիլմը, որի վերնագիրն ինքնին հուշում է բառախաղ, որը մատնանշում է ֆիլմի գործողությունները` «Արմենը և ես» ու գործողությունների վայրը` Հայաստան։
Ֆիլմում խաղում են հայտնի մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` Սոս Ջանիբեկյանը, ռուսական շոու բիզնեսում հաստատված Միքայել Արամյանը, Հովհաննես Ազոյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Թոփալյանը, Կարինա Գոնդագսազյանը, Սաթիկ Հախնազարյանը, Վրույր Հարությունյանը, Չարլի Արմստրոնգը, «Եվրատեսիլ 2017»-ին Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման և այլք։
Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի ռեժիսորը Մաքսիմ Հայրապետովն է։ Նա որոշել է նկարահանել այս ֆիլմը 10 տարվա դադարից հետո Հայաստանում լինելուց և Մոսկվա վերադառնալուց հետո։ Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Դիլիջանում։
Դրաման ներկայացնում է Լևոնի և Արմենի պատմությունը, որոնց ճանապարհները բաժանվել են 16 տարի առաջ, բայց մի պատահական հանդիպում բացահայտում է անցյալի գաղտնիքները և օգնում նրանց վերադարձնել կորցրածը։
Պրեմիերային ընդառաջ Tert.am Life-ը ներկայացնում է լուսանկարներ նկարահանման հրապարակից։