Ժամանակն է զգեստապահարանը թարմացնել գարուն-ամառ սեզոնի հագուստներով։ Համաշխարհային նորաձևության տներն արդեն ներկայացրել են իրենց նոր հավաքածուները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նկարիչ-մոդելավորող Արփինե Կոշտոյանը խոսել է սեզոնի թրեդների և հակաթրենդների մասին:
«Ձմռան բարենպաստ եղանակային պայմաններից ելնելով` այս տարի գարնանային շրջանին անցումն այդքան էլ նկատելի չէ: Եթե համաշխարհային տները ձմռանը նորաձև էին համարում մորթյա և տաք հագուստները, ապա մենք այս տարի չկարողացանք հետևել թրենդներին: Փոխարենը մենք կարող ենք հագնվել գարուն-ամառ սեզոնի նորաձև և բազմաոճ հագուստները: Այս տարի նույնպես նորաձևությունը հատկապես աղջիկների համար շռայլ է գտնվել: Ի դեպ, շատ ողջունելի է, որ տարեցտարի նկատվում է նորաձևությամբ հետաքրքրվողների և նորաձև հագնվող մարդկանց թիվը»,- ասաց Արփինեն:
Դիզայները ներկայացնում է թրենդային լուքերը
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա գլխավոր ու արդիական գույնը մանուշակագույն է` իր բոլոր երանգներով: Հատկապես նորաձև են կապույտ և վարդագույն երանգները: Նորաձև են նաև պաստելային երանգները` դեղին, բաց կապույտ և այլն: Իսկ սևն ու սպիտակը շարունակում են նորաձև համարվել: Հատկապես, վերջին շրջանում նկատելի է, որ սևն ու սպիտակը գերակշռող են և մարդիկ թե առօրյայում, թե գործնական և թե երեկույթներին հագնում են սև և սպիտակ հագուստներ:
Այս տարի շարունակվում են ակտուալ մնալ տարբեր ոճերի համադրություններ, որոնք տարեցտարի շատանում են և հասնում ավելի խենթ ոճի: Հատկապես, համաշխարհային աստղերի շրջանում խենթության հասնող համադրությունները նկատելի են:
Այս տարի նորաձև են ուղիղ ձևվածքով պիջակները, որոնք չեն ընդգրկում կառուցվածքը: Նման պիջակները հիմնականում առօրյայում են հագնում, սակայն աշխատանքային ոլորտում էլ կարելի է համադրել: Նորաձև են ջինսե հագուստները, ուղիղ և մինիմալիստական պարզ զգեստները, որոնք համադրված են տարբեր նախշերով և քարերով:
Նորաձև են` կանացի նուրբ կոշիկները, ուսապարկերը, փոքր պայուսակները, (կեպիները), որոնք կարելի է համադրել թե դասական, թե առօրյա ոճի հետ: Այս տարի նաև ակտուալ են փետուրները:
Հակաթրենդները
Կիպ, ընդգծող զգեստներն այլևս նորաձև չեն: Նորաձևությունից դուրս են եկել նաև փայլուն փուլերով զգեստները:
Մեծ պայուսակներն էլ են հակաթրենդ համարվում:
Բարձրակրունկ կոշիկները նույնպես այս տարի դուրս են եկել նորաձևությունից: