Դավադրություն, չիրականացած երազանքներ, անցյալի գաղտնիքներ և սեր, որի շնորհիվ բացահայտվում են բոլոր գաղտնիքներն ու ամեն ինչ իր տեղն է գտնում. երեկ կայացավ ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովի «Արմեն И Я» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ստեղծագործական թիմի անդամներն ու մի շարք հայտնի մարդիկ։
Tert.am Life-ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր մանրամասներն ու ֆոտոշարքը` կարմիր գորգից մինչև կինոդահլիճ։
Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Միքայել Արամյանը, Հովհաննես Ազոյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Թոփալյանը, Կարինա Գոնդագսազյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ստելլա Տեր-Հակոբյանը, Վրույր Հարությունյանը, Չարլի Արմստրոնգը, «Եվրատեսիլ 2017»-ին Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման և այլք։ Ի դեպ, Միքայել Արամյանը ժամանել էր Հայաստան հատուկ այս պրեմիերային մասնակցելու համար։
Ֆիլմի հիմքում պատմություն է երկու ընկերների մասին, որոնց ճանապարհները բաժանվել են տասնվեց տարի առաջ, երբ վթարի հետևանքով ընկերներից մեկը մյուսի փոխարեն կրում է պատասխանատվությունը:
Ֆիլմում ներկայացված են երեք ժամանակահատվածում` ներկայում, 16 տարի առաջ և 26 տարի առաջ ծավալվող գործողությունները։
«Արմեն И Я» խորագիրը խաղարկում է պատմության հիմքը` Արմենի և Լևոնի ընկերությունն ու գործողությունների վայրը` Հայաստանը, որն իրար է կապում բոլոր հերոսներին։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում` Երևանում և Դիլիջանում, Ռուսաստանում, Ամերիկայում և Հունաստանում:
Ֆիլմում առանձնահատուկ կարելի է ընդգծել ռեժիսորական և օպերատորական աշխատանքը։ Մաքսիմ Հայրապետրովն ու Արտյոմ Աբովյանը ջանք չեն խնայել գեղեցիկ տեսարաններ ունենալու համար։ Ֆիլմում ներկայացված է նույն Երևանը, որտեղ ամեն օր լինում ենք, սակայն այնքան գեղեցիկ, որքան քչերն են տեսնում այն։
Պատմությունը հորինված է, սակայն կան կերպարներ, որոնք վերցված են մեր իրականությունից։ «Արմեն И Я»-ի զարգացումները թեթև են ընթանում, ինտրիգները մեծ լարվածություն չեն ստեղծում, սակայն այն ունի իր դրամատիկ զարգացումները, որոնք թույլ չեն տվել ստեղծագործող թիմին այն անվանել կատակերգություն. «Մենք մտածում էինք` կատակերգություն կունենանք, բայց, ինչպես ասում են, դրան չձգեցինք: Սա դրամա է» ,- նշեց ֆիլմի պրոդյուսեր Նադեժդա Պետրովան ու հայտնեց, որ մտադիր են այն ներկայացնել միջազգային փառատոնների` մասնավորապես` Կաննի կինոփառատոնին: