Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ. Անահիտ Մութաֆյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ. Անահիտ Մութաֆյան. life.panorama.am

Life.panorama.am-ը դերասանուհի Անահիտ Մութաֆյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանի էկրանային լռությունը, ինչպես նաև պարզել է, թե ինչ է ինքն իրեն մաղթում կանանց տոների կապակցությամբ:

«Հիմա զբաղված եմ իմ մշտական աշխատանքով՝ թատրոնով, իմ անդավաճան սիրո կողքին եմ. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը իմ միակ ու անդավաճան սերն է: Այս շրջանում պատրաստվում ենք նոր ներկայացման, խոսքը բոլորի կողմից շատ սիրված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ներկայացման մասին է:  Թատերասեր հասարակությունը կտեսնի ֆիլմի ներկայացման տարբերակը: Ասեմ, որ նախկինում Սունդուկյան թատրոնի խաղացանկում եղել է այս ներկայացումը, հիմա կրկին բեմադրվում է, որտեղ մարմնավորում եմ Արտակի հորաքրոջ կերպարը»,- պատմեց դերասանուհին:

Նրա խոսքով՝ մայր թատրոնը հիմա նոր թափ է առել, որը ուրախալի է և դերասանների, և թատերասեր հանդիսատեսի համար:

«Մենք ունենք հրաշալի երիտասարդ տնօրեն՝ Վարդան Մկրտչյանը, ով եկել է, որպեսզի գործ անի, ոտքի հանի թատրոնը: Նույնը կասեմ նաև գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի մասին, նրանք երկուսով ցանկանում են թատրոնը, այսպես ասած, գծի վրա գցել, որպեսզի այն լինի առաջնային թատրոն, լավ թատրոն, մայր թատրոն»,- հավելեց Անահիտը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայում էկրանային լռությունը, դերասանուհին ասաց, որ նա այն դերասանների տեսակին է պատկանում, որ չեն սիրում հոգնեցնել հեռուստադիտողին իրենց ներկայությամբ:

«Հեռուստատեսային նախագծերի առաջարկները չեն պակասել, կան, ուղղակի հիմա ընտրություն կատարելու հնարավորություն ունեմ և սպասում եմ մի կերպարի, որն ավելի հոգեհարազատ կլինի, սպասում եմ նաև մի խմբի առաջարկի, որի հետ կցանկանամ աշխատել: Ես մի քիչ տրամադրության մարդ եմ և ընտրում ու կարևորում եմ նաև թիմային աշխատանքը: Բացի այդ, կարևորում եմ նաև առաջարկվող նախագծում իմ կերպարի բնույթը, այն պետք է հոգեհարազատ լինի ինձ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սերիալը դերասանի համար գումար աշխատելու հնարավորություն է, բայց ես չեմ ընկնում գումարի հետևից: Իմ կերպարը պետք է հոգեհարազատ լինի ինձ, սցենարը պետք է գրագետ գրված լինի, որպեսզի ես տամ իմ համաձայնությունը, նաև միշտ ցանկանում եմ ունենալ խաղընկերներ, որոնցից կսովորեմ ինչ-որ նոր բան»,- ասաց նա:

Հետաքրքրվելով, թե ի՞նչ կերպարով կցանկանար հանդես գալ, նշեց.

«Սերիալային գործունեությանս ընթացքում միշտ մարմնավորել եմ բնիկ հայուհիների՝ հեզ, համեստ, խելոք, բայց հիմա կուզեի խաղալ մի ճակատագրական կին, որը և իր ճակատագրի տերը կլիներ, և կորոշեր ուրիշներինը»:

Անահիտ Մութաֆյանն ընդգծեց, որ աշխատանքի մեջ գումարը իր համար երջանկություն չէ.

«Իմ երջանկությունը փողի մեջ չէ, առավել ևս՝ աշխատանքի հետ կապված չէ: Ես երբեք գումարը առավել չեմ դասում իմ կերպարից և հետագա աշխատանքային ընթացքից: Հասկանալի է, որ բոլորին էլ գումար է անհրաժեշտ, բայց ես չեմ վազում գումարի հետևից՝ թողնելով կարևորները»:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա, նրա խոսքով, ոչ մի բան չկա ասելու: «Վերջերս, որ հարցնում են, թե ի՞նչ կա անձնական կյանքում, ասում եմ այդ ի՞նչ է, ուտելո՞ւ բան է, թե՞ խմելու: Այսինքն՝ անձնական կյանքում ունայնություն է, այդ փոսը լցնում եմ երազներով»,- հավելեց նա:

Կանանց մեկամսյանի շրջանակում հարցին, թե ինչ է իրեն պետք որպես կին երջանիկ զգալու համար, դերասանուհին ասաց, որ որպես կին իրեն պետք է ապրել մի երկրում, որտեղ մեծ ցանկություն կլինի երեխաներ ունենալու և այդ երկրում դաստիարակելու:

«Երեխա ունենալու ցանկությունը մի պահ առաջացավ ինձ մոտ, հույս եղավ, որ մեր երկրում փոփոխություններ կլինեն, բայց վերջին մի քանի օրվա ընթացքում եկա այն եզրահանգման, որ ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ: Իսկ բոլոր կանանց մաղթում եմ սիրված լինել, որովհետև կինը ծնվել է սիրելու և սիրվելու համար, մնացյալը երկրորդական և երրրոդական են»,- եզրափակեց նա: