Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտածում Եգիպտոսի լավագույն հանգստավայրում, արևի ու ծովի ընկերակցությամբ կոկտեյլներ վայելող աղջիկը: Դե իհարկե մտածում է սիրո մասին:
Եգիպտոսից վերադարձա չարաշահված արևայրուքով և բազմակնության, եգիպտական սիրո ու ընտանիքի մասին մտքերով:
Վերջերս հաճախ էի լսում, որ եգիպտացի տղամարդիկ մեր տղամարդկանց նման են, բայց ավելի նուրբ են ու պատասխանատու, հետո լսում էի պատմություններ, թե ինչպես են մեր ջահել աղջիկները ինքնամոռաց սիրահարվում և ինքնակամ անցնում արաբների տիրապետության տակ:
Ճանապարհորդության ընթացքում մեր զբոսավար Ահմեդին հարցախեղդ էի անում պարզելու համար, թե այդ ինչ մեղր է քսված Եգիպտոսի վրա, որ բոլորը սիրահարվում են:
Նախ մի փոքր պատմեմ կարգ ու բարքերի մասին: Ինչպես են ամուսնանում եգիպտացիները:
Քայլ 1: Նրանք պետք է ինչ-որ ձևով ծանոթանան: Եգիպտոսում երբեք ուղիղ ծանոթություն չի լինում՝ փողոցում, աշխատավայրում, սրճարանում.. Ո՛չ.. Միակ տարբերակը, եթե տղամարդը ցանկանում է ամուսնանալ, պետք է ասի ծնողներին, ովքեր կսկսեն հարցուփորձով կին փնտրել: Ի դեպ Եգիպտոսում կարելի է ամուսնանալ նաև զարմիկների հետ:
Քայլ 2: Տղամարդու ծնողները գնում են աղջկա ծնողների տուն՝ խնամախոս, ներկայացնում են տղայի սոցիալական դիրքը, համաձայնության դեպքում որոշում են, որ երիտասարդները պետք է ամուսնանան, նվերներ են տալիս, հետո տղային թույլատրվում է աղջկա տանը հանդիպել իրեն, հնարավոր է նաև ձեռքը համբուրել:
Քայլ 3: Նշանադրություն: Այն տեղի է ունենում աղջկա տանը: Զույգը նշանված մնում է 6-10 ամիս: Սա այն ժամանակահատվածն է, երբ երիտասարդները փորձում են միմյանց ճանաչել ու ծանոթանալ: Փոխադարձ նվերներ են շռայլում,բայց հանկարծ, եթե աղջիկը նշանը հետ տա, ապա անհապաղ նվերները պետք է վերադարձնի, եթե տղան է բաժանման հեղինակը, ապա կարող է վեհանձն գտնվել և թողնել նվերները:
Քայլ 4: Եգիպտոսում ԶԱԳՍ ասվածը բացակայում է, ամուսնությունը տեղի է ունենում տանը, որտեղ հատուկ հրավիրված պետական լիազորություններ ուեցող անձը՝ մայզոնը, ամուսնացնում է զույգին՝ Ղուրան կարդում և խոստում առնում տղամարդուց, որ մինչև կյանքի վերջ նա հոգ կտանի կնոջը: Օրվա վերջում տեղի է ունենում մեծ խնջույք, մոտ 300 հյուրերով ու պորտապարուհիներով, այս բոլոր ծախսերը կրկին միայն տղամարդն է հոգում: 4-5 օրից Մայզոնը բերում է ամուսնական պայմանագիրը: Տղամարդու անձնագրում ուղղակի գրվում է, որ նա ամուսնացած է, իսկ կնոջ անձնագրում գրվում է, որ նա հանդիսանում է այսինչ տղամարդու կինը:
Քայլ 5: Ամուսնական գիշերից հետո, տղայի ծնողները գնում են սավանը ստուգելու և պատշգամբում հրապարակավ սպիտակեղենը լվանալու: Միայն թե չասեք, թե սա ձեզ զարմացնում է, կարմիր խնձորը մեզ մոտ դեռ արդիական է: Եթե հանկարծ պարզվեց, որ աղջիկը կույս չէր, մեծահոգի եգիպտացիները միանգամից աղմուկ չեն բարձրացնում, այլ սպասում են և մեկ ամիս հետո բաժանվում, որպեսզի չպախարակեն ընտանիքի անունը, սակայն այդ մեկ ամիսը ապրում են իբրև քույր և եղբայր: Ի դեպ կուսության մասին՝ Եգիպտոսում մինչ ամուսնությունը կույս են, ոչ միայն կանայք այլև տղամարդիկ, բացառություն են կազմում տուրիզմի ոլորտում աշխատող մարդիկ՝ հասկանալի պատճառներով: Խնդիրը հետևյալն է, կրոնը խստիվ արգելում է արտամուսնական հարաբերությունները, բայց ամուսնանալու համար գումար է հարկավոր, տուն և ունեցվածք: Եգիպտոսում միջին աշխատավարձը 40 դոլլար է: Չկա փող՝ չկա ամուսնություն, չկա ամուսնություն՝ չկա սեքս, չկա սեքս՝ կան հազարավոր պսպղացող աչքեր:))) Մարմնավաճառության տարբերակը ևս բացառեք, այստեղ նման դեպքում երկարատև ազատազրկման են դատապարտում, թե՛ կնոջը թե՛ տղամարդուն: Իսկ բռնաբարության համար ընդհանրապես մահապատիժ է սահմանված: Այնպես, որ կարճ-մարճ հագնվելով զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում սադրել տեղացիներին: Ընդհանրապես օրենքները այստեղ բավականին խիստ են և ինքնատիպ, այսպես օրինակ, եթե ամուսինը իրենց ամուսնական անկողնու վրա օտար տղամարդու բռնացրեց կնոջ հետ դավաճանելիս, հենց անկողնու վրա իրավունք ունի սպանելու նրան և դրա համար իրեն անգամ չեն ձեռբակալի:)))
Այստեղ հարկ եմ համարում նշել, որ բաժանությունները Եգիպտոսում կազմում են շատ չնչին տոկոս: Իսկ զույգը սերը ու ընտանիքը ընդունում է, որպես միակ հնարավոր իրողություն: Ես միշտ նշում եմ, որ բաժանումների սակավությունը սիրո կամ երջանկության հետ որևէ կապ չունի, սակայն չեմ կարող հերքել, որ ամուր ընտանիքները ամուր հասարակության հիմքն են: Կարծում եմ աստիճանաբար մենք հեռանում ենք այս մտքից, երկրորդ, երրորդ և բազմաթիվ անգամներ նոր սեր գտնելու կամ նորից ամուսնանալու մտքերը ընտանիք գաղափարը արժեզրկում են:
Համենայնդեպս, Եգիպտոսում, եթե զույգը հաջողությամբ ամուսնացել է, դժվարությունները այստեղ չեն ավարտվում: Շատ զույգեր բախվում են բազմակնության նուրբ հարցին: Արդյո՞ք եգիպտուհիները պատրաստ են կամ հոժար բազմակնությանը, ու ինչպե՞ս են քրիստոնյաները այդ թվում հայուհիներ, որոշում ամուսնանալ եգիպտացիների հետ՝ անտեսելով հավատափոխության և բազմակնության ճակատագրական գործոնները, ես կգրեմ հաջորդ հոդվածում: