Ռուսական նողկալի երեսպաշտություն. Հայերի կարիքն են զգացել. lragir.am
Advertisement 1000 x 90

Ռուսական նողկալի երեսպաշտություն. Հայերի կարիքն են զգացել. lragir.am

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում հայտարարել է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:

«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին», ասել է Կոսաչովը:Լրագրողները նրան հիշեցրել են, որ ՌԴ նախագահ Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:

«Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրանիայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա», ասել է Կոսաչովը:

Տիպիկ ռուսական երեսպաշտություն: Կոսաչովի պատասխանը նաեւ այդ երկրի ներկայիս նվաստ իրավիճակն է մատնում: Մինչեւ ապրիլյան պատերազմը Ռուսաստանն աննախադեպ ծավալի սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին:

Ընդ որում, պիկը 2014-2015 թվականներն էին, երբ Ադրբեջանը շփման գծում մեծացրեց լարվածությունը, անցնելով «դիվերսիոն պատերազմի»: Այսինքն, Ադրբեջանի ագրեսիան սահմանին համընկավ զենքի լայնածավալ մատակարարմանը:

Ընդ որում, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Ադրբեջանը Մոսկվայից զենքի հետ միասին ստանում էր նաեւ դրա կիրառման իրավունքը:

Ընդ որում, այդ նույն ժամանակ ուշացվում էր Հայաստանին պայմանագրով մատակարարվելիք զենքը, որի համար հայկական կողմն արդեն վճարել էր: Ի տարբերություն Ադրբեջանի, որի հետ պայմանագիրը, ինչպես խոստովանում է Կոսաչովը, Մոսկվան սրբորեն իրականացնում է: Այսինքն, դա պարզապես բիզնես չէր, այլ ռուս-ադրբեջանական քաղաքական ծրագիր:Հիմա, շարունակելով մատակարարումներն Ադրբեջանին, արդյոք Ռուսաստանը չի իրականացնում նույն քաղաքականությունը:Ապրիլին ռուս-ադրբեջանական ծրագրի տապալումից հետո հայերի լեզուն քիչ ինչ երկարեց:

Դա է վկայում Երեւանում տեղի ունեցած հայ-ռուսական նիստը: Արմեն Աշոտյանը Կոսաչովի հետ ասուլիսին բազմանշանակ հայտարարություն էր արել, թե ռուսները սովորել են նաեւ լսել հայերին: Դա քիչ չէ իհարկե, բայց պետք է միշտ աչքի առաջ ունենալ, թե երբ է Ռուսաստանն ունենում հայերի կարիքը: Երեւում է՝ հիմա այդ փուլն է:

lragir.am



Նման նյութեր