Վահե Շահվերդյանի բեմադրված՝ Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» պիեսը 20 տարի անց նոր շունչ է առել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
«Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայտնեց, որ արդեն երրորդ անգամ են ներկայացումը ցուցադրում, և ամեն անգամ դահլիճը լեփ-լեցուն է:
«Տրամվայ «Ցանկություն» պիեսը ամբողջ աշխարհով ցուցադրվել է ե՛ւ բեմականացված, ե՛ւ էկրանավորված տարբերակով: Հայաստանում երկրորդ բեմադրությունն է: Առաջին անգամ բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Նելլի Խերանյանը և Մուրադ Ջանիբեկյանը: Ճիշտ է, ներկայացումը չեմ դիտել, բայց արձագանքներն եմ լսել: Այն ուրույն, հետաքրքիր բեմական լուծումներով արված ներկայացում էր: Ահա 20 տարի անց, արդեն Սուրեն Շահվերդյանը պիեսը բեմադրել է Դրամատիկական թատրոնում: Այս ստեղծագործությունը, կարծես, երկրորդ ծնունդ է ստացել»,- ասաց Լուիզան:
Դերասանուհին պատմեց, որ Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» պիեսը դժվար կյանքով ապրող երիտասարդ կնոջ մասին է: Նա հուսահատ վիճակից ելք է փնտրում, սակայն շրջապատը ընկածին օգնելու փոխարեն նրան հրում է դեպի վերջնական կործանում:
Դրամատիկական թատրոնում ներկայացումը կկայանա մարտի 28-ին: Գլխավոր դերերում հանդես կգան Լուիզա Ղամբարյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանն ու Արամոն:
Լուիզան մարմնավորում է գլխավոր հերոսուհու՝ Բլանշ Դյուբուային: «Բլանշն ազնվական մի կին է, որն ապրում է իր ստեղծած երևակայական աշխարհում: Դրա պատճառով նա կոնֆլիկտի մեջ է մտնում հասարակության և իր քրոջ հետ: Ամեն ինչ սկսվում է, երբ հերոսուհին կորցնում է իր ունեցվածքը, և կացարան փնտրում քրոջ մոտ: Քույրն ամուսնացած է այնպիսի մարդու հետ, ով կապ չունի ազնվական արժեքների և բարձրաստիճան գաղափարների հետ: Բլանշը, այլընտրանք չունենալով, հաստատվում է քրոջ մոտ և բախվում ապրելակերպի այնպիսի արմատական փոփոխությանը, որի հետ շատ սիրով համակերպվել էր քույրը: Այստեղ ոչ միայն կենցաղային խնդիրների տարբերությունն է, այլև գլխավոր հերոսուհու և իր քրոջ ամուսնու ներաշխարհների, բնավորությունների տարբերությունը: Գնալով հարաբերությունները սրվում են: Վերջում էլ գլխավոր հերոսուհին դժբախտանում է»,- հավելեց դերասանուհին:
Լուիզան նշեց, որ այս ստեղծագործությունն իրեն շատ է դուր եկել և դասում է այնպիսիս ստեղծագործությունների շարքում, որոնք լավագույն են իր համար: «Բլանշի կերպարն ինձ համար մեծ աշխատանք է պահանջում: Իսկ այն, ինչին տրամադրում ես էներգիա, ջիղ, ցանկություն, սեր, բնականաբար, փոխհատուցվում է: Հետևաբար, այն ինձ համար անփոխարինելի ստեղծագործություն է»,- եզրափակեց դերասանուհին: